«Պատերին ծեփել», «շնաբարո դուրսպրծուկներ». Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլի» նախագծի եւ Փաշինյանի բառամթերքի մասին

«Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության դրած այդ նախագիծը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու իշխանության վերջին շրջանում այլեւս մոդայիկ դարձած գործելաոճի հերթական ապացույցն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրած այն նախագծին, որով իշխող ուժը ցանկանում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին։

««Իմ քայլի» կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը դիտարկում եմ բացառապես քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու տրամաբանության մեջ, որովհետեւ երբ ԱԺ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում անձնական կարծիք է արտահայտում եւ դրանից հետո կոնկրետ քաղաքական հետապնդում է սկսում նրա նկատմամբ, կարծում եմ, որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Տիկին Զոհրաբյանի հայտարարությունները չեն եղել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի էջում եւ իր պաշտոնեական լիազորությունների հետ դրանք առնչություն չունեն։ Շատ լավ կլիներ, որ «Իմ քայլը» նույն ջանասիրությամբ ու էնտուզիազմով մոնիթորինգի ենթարկեր իր խմբակցության կամ իշխանության այլ ներկայացուցիչների ֆեյսբուքյան գրառումները եւ հանրային հայտարարությունները, որտեղ ,վստահաբար, կգտներ բազմաթիվ օրինակներ, որում տարատեսակ կոչեր են հնչում»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» շրջանառության մեջ դրած նախագծում հիմնավորում է, Նաիրա Զոհրաբյանը Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ է անում եւ այդ դեպքում նա չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

«Եթե «Իմ քայլը» բավարար չափով քաղաքական կամք ունի, ապա հորդորում եմ իրենց քաղաքական ուժի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի, օրինակ, ընդդիմության հասցեին Ազգային ժողովի դահլիճից դուրս շպրտելու վերաբերյալ արտահայտության կոռեկտությունը քննարկել, կամ քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու կամ էլ դատավորների հասցեին արված՝ շնաբարո դուրսպրծուկներ արտահայտությունները քննարկել ու գնահատականներ տալ»,- ասաց Տոնոյանը։

Քաղաքականություն