Ի՞նչ կապ ունեն ուդիները Արցախի Դադիվանքի հետ. Հրանուշ Խառատյանը մանրամասնում է

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ի՞նչ կապ ունեն ուդիները Արցախի Դադի վանքի հետ: Այն կապը, որ նրանք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են: Բայց Դադի վանք բերված ուդիներին ներկայացնում են որպես չեղած «Աղվանական եկեղեցու» հետևորդներ: Այլ կերպ ասած՝ խզում են կապը Հայ Առաքելական Եկեղեցու և ուրեմն նաև Դադի վանքի հետ:

Ավելի ու ավելի է հաճախանում Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի հետ նույնականացնելու Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը: Նրանց այդ «իրավունքը» վիճարկում են Ադրբեջանի հյուսիսի և Դաղստանի հարավի լեզգիական լեզվախմբի ժողովուրդները՝ լեզգիները, ցախուրները, ռուտուլներըը, հափութները, կըրըզզները, խինալուղները, աղուլները և այլն: Սակայն Ադրբեջանի պատմագրությունը կամ այն, ինչ ներկայացվում է որպես պատմագրություն, պատմական Աղվանքի տիրոջ իրավունքը չի ուզում նրանց հետ կիսել: Ամեն ինչից դատելով Ադրբեջանը որպես աղվանների հետնորդ և սերունդ «նշանակել» է միայն ուդիներին, մի ժողովրդի, որոնց տևականորեն և հետևողական իսլամացրել են 18-19 և նույնիսկ 20-րդ դարերում, կոտորել են 1918-20 թվականներին, հալածել և բռնությունների են ենթարկել 1988-90 թթ., և որոնց թիվն Ադրբեջանում ներկայումս հասել է ընդամենը մոտ 3000 մարդու: Կարելի է ասել՝ 3000 պատանդի, որովհետև իրենց սոսկ գոյության հնարավորությունը պաշտպանելու համար ներկայիս ուդիները պարզապես պարտավոր են Հայաստանի և հայերի դեմ քաղաքական խաղալիք դառնալ Ադրբեջանի իշխանությունների ձեռքին: Պարտավոր են, որովհետև նրանք 1700 տարի է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են, մինչև 1988-1990 թիվն ունեին հայկական անձնանուններ և ազգանուններ, մինչև 20-րդ դարի 30-ական թվականները սովորում էին հայկական դպրոցներում, 20-րդ դարի ընթացքում կրթություն ստանալու համար մեկնում էին Խորհրդային Հայաստան և առհասարակ նրանց պատմական հիշողությունը կապված է հայկական մշակութային ընդհանրության հետ: Ուդիներին մի կողմից չի ներվում նրանց «հայկական անցյալը», մյուս կողմից այդ անցյալը Ադրբեջանի համար հիանալի հնարավորություն և առիթ է «ուդիացնել-աղվանացնել-ադրբեջանացնել» բուն հայկական մշակույթը:


Իրականում ուդիական աղվանական մշակութային անցյալը և ներկան հստակ աշխարհագրական տարածք ունի՝ Ադրբեջանի Շաքի – Կապաղակ գոտին: Դա հենց այն տարածքն է, որտեղ ընթացք է ստացել և ձևավորվել ուդի/ուտիների քրիստոնեական մշակույթը, որտեղ ըստ ուդի/ուտիական 7-րդ դարի ավանդույթի քրիստոնեություն է տարածել Աղվանքի առաքյալը համարվող Եղիշեն (Մ.Կաղանկատուցի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը Հ.Առաքելյանի, Երևան, 1983, էջ 10 – 11), և որտեղ մինչև 20-րդ դարի սկիզբը կային և մասամբ կան Եղիշե Առաքյալի անունը կրող տասնյակ եկեղեցիներ, վանքեր և նրա քարոզչության ու նահատակության հետ կապվող ժողովրդական այլ սրբազան տարածքներ (Նուխու/Շաքիի Գիս գյուղում է գտնվում հնագույնը համարվող Եղիշեի վանքը, Վարդաշենում է գտնվում Եղիշեի անունը կրող մեծ վանքը (Քալա Գերգեց), Վարդաշենի մեծ գերեզմանատանը գտնվող փոքր եկեղեցին (Կիցկե Գերգեց), որը ըստ ավանդության Եղիշեի փոքր եղբոր հիշատակին է կառուցված: Վարդաշենից ընդամենը 3 կմ հեռու գտնվող հայկական Ճալեթ գյուղի Ս.Աստվածածնի վանքի մոտ գտնվող կիսաքանդ եկեղեցին ըստ ավանդության կառուցվել է Եղիշե առաքյալի ձեռքով, կամ, ինչպես Սարգիս Ջալայանն է գրում, «Աստվածանի աթոռի Ճալեթի վանքի Շաքիի, Ղաբալայի, Արաշբասանի, Աղդալու ժողովուրդը ... շինեցին այդ աթոռը Եղիշե առաքյալի սուրբ հրամանով»: Շատ հռչակավոր էր Նիժում գտնվող «Սուրբ Եղիշե» վանքը, որը, ըստ ավանդության, կառուցվել է Եղիշե առաքյալի աշակերտներից մեկի թաղման վայրում): Ծագումով ուտիացի Ղազար քահանա Հովսեփյանը գրում է.«Ուտիացոց երկրի զանազան մասերում թեև կան մի քանի վանքեր ու սրբավայրեր, բայց ամենից շատ հարգվածներն ու սիրվածները սրանք են (այսինքն՝ Եղիշե առաքյալի անվան հետ կապ ունեցողնեչրը – Հ.Խ.), որոնց ուխտագնացության օրերը լինում են Զատիկից հետո, Հինանց օրերում, երբ Ուտիացոց երկրի ամեն ծայրերից խուռն բազմությամբ ուխտ են գնում թե իսկական հայ քրիստոնյաները, և թե հայից թրքացած մահմեդականները» (հայից թրքացած ասելով հեղինակը նկատի ունի հայ առաքելական եկեղեցու հետևորդից իսլամացած ուդիներին): Իր աշխատանքի մեկ այլ հատվածում նա գրում է. «մահմեդականացած Գիս (Քիշ) գյուղի մոտի Ս.Եղիշեի առաքելո վանքին թե Գիս գյուղի և թե շրջակայքում թրքացած հայերը շատ երկյուղածությամբ և խորին հարգանքով են վերաբերվում... Տոնի օրը նրանք էլ քրիստոնյա հայերի (քրիստոնյա հայեր ասելով հեղինակը նկատի ունի լուսավորչական/հայադավան ուդիներին) պես ուխտ են գնում, մատաղ են անում և պատկառանքով ներս մտնելով՝ մոմ են վառում և ջերմ սրտանց աղոթում են իրենց մտքում: Մինչև անգամ շատ տեղերում մահմեդականացած հայերը երդվում են Ս.Եղիշեի անունով»(Հովսեփյան Ղ. Ակնարկներ ուտիացի և մահմեդական հայերի մասին, Թիֆլիս, 1904, էջ 43, 72):


Եղիշե առաքյալի կարևորությունն ուդի/ուտիների կյանքում այնքան մեծ էր, որ նույնիսկ նրանց ինքնության վկայությունն էր կամ առնվազն նրանց էթնիկության պահպանման գրավականը: 1724թ. Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծին ուղարկված մի խնդրագորւմ ուդիները, բողոքելով մահմեդականների անօրինությունների դեմ, իրենց ինքնությունը Պետրոս Մեծին ներկայացնում են հետևյալ կերպ. «Մենք աղուանք ենք և ազգով ուտիք: Եղիշէի առաքելոյն քարոզութեամբ մեր նախնիք Աստուծո հաւատացեալք են. սուրբ առաքելոյն նահատակութեան տեղիքն առ մեզ է: Քո հրամանոցդ հայտնի է, որ յառաջմէ մեր ազգին իշխանութիւն ոչ կայր, որ առաքելոցն նահատակութեան տեղն վանք շինէին, միայն թէ մեր նախնիքն մին փոքր եկեղեցի շինեալ էին, մենք նովաւ կեանք էինք անցուցանում: Այժմս անօրենք այրեցին, և մեզ զորով ուրացուցին»:
Ինչպես տեսնում ենք, ուդիների ողջ քրիստոնեական ընկալումները պտտվում են Եղիշե առաքյալի անվան շուրջ: Սա պատահականություն չէ: 7-րդ դարում առաջացած Եղիշե առաքյալի պատմությունը Աղվանքում «ծնվել էր» սեփական առաքյալն ունենալու համար և Հայաստանի առաքյալներից զատ կամ նույնիսկ նրանց հակառակ սեփական առաքյալն ունենալու նպատակով: Այլ կերպ ասած Աղվանքի առաքյալ Եղիշեի մասին պատմությունը Աղվանքի հետ հենց Թադևոս առաքյալի հակադրությունն է: 7-րդ դարում Եղիշե Առաքյալին ընտրելով՝ աղվաններն «ասում էին»՝ այո, սիրելի հայեր, մենք էլ ենք հայոց դավանանքի պատկանող, բայց մենք առանձին առաքելական ենք, կապ չունենք Հայաստանի առաքյալներ Թադևոսի և Բարդուղիմեսի հետ: Մեր առաքյալը Քրիստոսի եղբայր Հակոբի կողմից ձեռնադրված Եղիշեն է: Սա էր աղվանական այն առասպելը, որը աղվաններին, հետագայում՝ աղվաններից քրիստոնյա մնացած ուդիներին տալիս էր իրենց քրիստոնեական ինքնության առանձնահատկությունը:


Ինչպես հայտնի է, հայերի առաքյալներից մեկը Թադևոսն էր, որի աշակերտին է վերագրվում Դադի վանքի հիմնադրումը: Ուրեմն մերժելով Թադևոսի առաքելությունը՝ մերժվում է Թադևոսի անվան հետ կապվող Դադի վանքի աղվանական որևէ կապ: Չխոսելով արդեն պատմական դեպքերի մասին:
Եղիշե Առաքյալի անվան վրա խարսխված քրիստոնեական առանձնահատկությունը չէր խանգարում ուդիական երկակի՝ հայկական կրոնական և ուդիական էթնիկական ընկալմանը: Նրանք սովորաբար իրենք իրենց անվանում էին և շարունակում են անվանել հայ-ուդի: Հենց այդպես էլ վավերացրել են իրենց ոչ միայն գրավոր տեքստերում, այլ նույնիսկ տապանաքարերի վրա: Ահա մի քանի օրինակ.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԶԱՌԱՄԵԱԼ ԾԵՐՈՒՆԻՆ ԻՇԽԱՆ ՆԻԺԵՑԻՈՑ ՊՈՂՈՍ ՄԱՏԹԵՈՍԵԱՆԻՆ. ԼՈԿ ԱՍՎԻ ԱՆՈՒՆԻՍ ԱՇԽԱՐՀԻՆ. ԱԶԿԱՒ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՈՒՏԻԱԽՈՍ ՑԵՂԻՆ. ՁԳՈՂՆ Է ՏԱՊԱՆԱՔԱՐԻՍ ՄԻՆԱՍ ԹՈՌՆ ՍՈՐԻՆ. ՎԱԽՃ 1877 ԱՄԻ 3 ՄԱՐՏԻ
ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ Ի ՇԻՐՄԻ ՀԱՆԳՉԻ ՄԱՐՄԻՆ ՄԱՀՏԵՍԻ ԱՒԱՆԻՍ ՆԻԺԵՑՒՈՅ ՊՈՂՈՍԵԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆՑ ՈՒՏԻԱԽՈՍ ՑԵՂԻՍ ԾԱՌԱՅ ՔԻ ՀԱՅ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՐՄԵՆ ՏԱՐԱՆՈՂԻՍ ՎԽՃԼ ՍՊԱՍԵՄ ՅԱՐՈՒԹԻԱՆ ԿՈՉՈՂ ՄԱՀՎԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՍ ՈՎ ՀԱՆԴԻՊՈՂՔ ՏԱՊԱՆԻՍ ՀԻՇԵՍՋԻՔ ԶՈՂՈՐՄԻՍ 1834 92 ԱՄԻ
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՆԻԺ ԳԻՒՂԱՑԻ ՊԱՂՏԱՍԱՐ ՊՈՂՈՍԵԱՆ ԴԱԼԼԱՔԵՆՑ ՏԱՊԱՆԱՔԱՐԻՍ ՁԳՈՂՆ ԷՐ ԻՐ ՈՐԴԻ ՍԱՐԳԻՍՆ Ի ՀԱՅՈՑ ՏԱՎԱՆՈՒԹԵՆԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ՈՐՆ ՎԱԽՃԱՆԵԱԼ Է 1881 ԱՄԻՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15 ԻՆ
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՐԿՈՍ ԱՂԱՋԱՆԵԱՆԻՍ ԻՇԽԱՆ ՆԻԺԵՑՒՈՅ ՈՒՏԻԱԽՈՍ ՑԵՂԻՍ ԱԶԳԱՒ ՀԱՅ ԴԱՒԱՆՈՂ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՍ ԳԹԱՅ ԶԻՍ ՏՐ ՍՏԵՂՁՈՂ ԱՄԵՆԻՍ


Բայց ահա 21-րդ դարում, 2008թ. ապրիլին Ադրբեջանը ուդիական Նիժ գյուղացի ուդի Ռաֆիկ Դարակարիին ուղարկում ե Երուսաղեմ ուխտանգանցության և Հորդանան գետում մկրտվելու, որով նա դառնում է մահտեսի (մուղդուսի), վերադառնում է և «մահտեսու իրավունքով», ինչպես հայտարարել է Ադրբեջանի ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, «սերտիֆիկատ է ստացել Երուսաղեմի Կենտրոնական քրիստոնեական եկեղեցիների կողմից (???)» որպես ձեռնադրված հոգևորական ծառայություններ մատուցելու Նիժ գյուղի աղվանական եկեղեցում: Հայտարարության մեջ ասվում է, որ «այսուհետ Աղվանական եկեղեցին կախված չի լինելու այլ քրիստոնեական դավանանքների եկեղեցիներից»:


Այսօր «Աղվանական եկեղեցի» հնարելով և անհայտ ծագումով ու չեղած, անհայտ «եկեղեցու» կողմից անհայտ «ուդի հոգևորական ձեռնադրված» անձի միջոցով Դադի վանքում, Վանի Աղթամարի Ս.Խաչ եկեղեցի «աղվանական եկեղեցու հոգևորականներ» տանելու միջոցով նոր քաղաքական առասպելներ ծնելու ջանքերով Ադրբեջանը փորձում է յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը, և այդ նպատակով օգտագործում է իր իսկ կողմից բնաջնջված ուդի ժողովրդի վերջին մնացորդներին, միաժամանակ նրանց հակադրելով ու թշնամացնելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի հետ և փաստացի խզելով նրանց կապը Հայ Առաքելական Եկեղեցու, ուրեմն նաև Դադի վանքի հետ: Այդ հարցում ցավալի դեր է ստանձնել Ադրբեջանի խոսափողը դարձած ուդի Ռոբերտ Մոբիլին:
Ադրբեջանում մնացած ուդիներն այսօր չեն կարող «խոստովանել», որ իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են: Նրանք պիտի ասեն, որ իրենք «Ադրբեջանի Աղվանական եկեղեցու» հետևորդ են: Սա է Ադրբեջանի տարածքում ընդգրկված իրենց հայրենիքում մնալու նրանց միակ հնարավորությունը: Արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցինմ կարող է պահանջել, որ «Աղվանական եկեղեցու հետևորդները» Հայ Առաքելական Եկեղեցում կրոնական ծես չիրականացնեն»:

Քաղաքականություն