ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե մի շարք սխալներ չարվեին։ Նա նշել էր, որ Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման իրավունքն է, բայց հայկական կողմն իր հայտարարություններով փոխեց այն և հարցի կարգավորումը բերեց տարածքային ամբողջականության տիրույթ։ Քոչարյանի խոսքով` «Արցախը Հայաստան է, և վերջ»–ը մի բանաձև է, որը նշանակում է հարցը տեղափոխել հայ–ադրբեջանական հարաբերությունների տիրույթ։ 

 

Այսօր իր հեռուստաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին հայտարարեց, որ այն բանից հետո, երբ իր վրա է վերցրել Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա բոլոր սխալների պատասխանատվությունը «հրել» դեպի իրեն: 

«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Ղարաբաղը դուրս է թողել բանակցային ֆորմատից ու դրանք տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային կոնտեքստ է ստացել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այն տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսել է բանակցել Ղարաբաղի փոխարեն: 
Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում հնչած այն մտքին, թե միջազգային հանրությունն Ադրբեջանի ագրեսիան ընկալել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: 

«Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, որին միջազգային հանրությունը մեղադրում էր Ղարաբաղի տարածքների օկուպացման մեջ, իսկ ինքը հայ հանրության բացատրում էր, թե երբ օդանավի մեջ մտնում ես զուգարան ու փակում դուռը, գրվում է ocupied: Այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ԼՂ կարգավիճակի հարցը բանակցություններից դուրս է թողնվել 2016թ-ին ՌԴ-ի առաջարկով: 

«Մենք վատ հարաբերություններ էինք կառուցել դաշնակցային գործընկերոջ հետ, դու՝ լավ: Բա ինչպես ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցն, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից: Լավ դիվանագետ էիք, ինչպե՞ս եղավ, որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվում էր»,- ասաց նա: 

Վարչապետի խոսքով` 2016թ-ին ՀՀ իշխանությունը լեգիտիմացրել է Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը: Իսկ Փաշինյանի իշխանությունը ոչ թե դիվանագիտությունն է ձախողել, այլ փորձել է դուրս գալ 20-25 տարի ձախողած դիվանագիտության բեռի տակից: 

 

2016 թ-ի Ապրիլյան պատերազմը դադարեցվել է տարածքները վերադարձնելու խոստման արդյունքում: Այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Իսկ ինչու՞ մեզ նույնը չհաջողվեց: Քանի որ մեզ ասվում էր, որ Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է վերադարձնել տարածքներն ու չի վերադարձրել, հիմա խոսակցությունը կարող է լինել միայն գրավոր փաստաթղթով: Միայն նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրելով էր հնարավոր կանգնեցնել պատերազմը»,- ասաց Փաշինյանը: 

Նա դարձյալ շեշտեց, որ պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից արել է այդ առաջարկը, բայց ոչ ոք դրան համաձայնելու հայտարարություն չի արել: Մինչդեռ այսօր պարզվում է` բոլորը «5+2» բանաձևով հողերը հանձնելու կողմնակից են: 

«Բոլորին թվում է թե «5+2»-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Եվ երբ Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին և այլն: Եվ ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, ովքեր իրենց դիվանագետ համարելով` այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- ասաց Փաշինյանը: 
Փաշինյանն անդրադարձավ նաև Թուրքիայի՝ արցախյան պատերազմի մեջ մտնելու խնդրին ու համոզմունք հայտնեց, որ Թուրքիան ղարաբաղյան հարցի մեջ մտել է 10 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային դիվանագիտության» հետևանքով: 

«Երբ հայկական դիվանագիտության ձախողման հետևանքով հայտարարեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են»,- ասաց ՀՀ վարչապետը: 
 

 

Քաղաքականություն