Հասարակություն

Արցախի հարցում հայկական կողմի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. վարչապետ

WRed
Արցախի հարցում հայկական կողմի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. վարչապետ

Արցախի հարցում հայկական կողմի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է՝ ընդգծել է Հայաստանի վարչապետը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով փոխզիջումների մասին հարցին. կա՞ արդյոք սահմանագիծ, որից հայկական կողմը չի նահանջի:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը կազանյանն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա մեզ համար սահմանագիծ է, «կարմիր գիծ» է, որը չենք կարող անցնել:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հումանիտար հրադադարի վերաբերյալ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համարժեք փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ապահովում է պաշտպանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից կրիգով վերահսկողության տակ վերցնել Արցախը, այս պահին տապալվել են: Իսկ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների ու ահաբեկիչների մասին խոսում է ամբողջ աշխարհը:

Նիկոլ Փաշինյան - Այդ վիդեոապացույցները հրապարակված են: Ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ ահաբեկիչներին և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատճառը, ըստ Հայաստանի ղեկավարի, պարզ է: Ադրբեջանական բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Արցախի ինքնապաշտպանական բանակի դեմ: Վերջին օրերին Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, տեղեկություններ կային, որ նրանք Ռուսաստան եկել էին արտերկրից: Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կապ է տեսնում:

Նիկոլ Փաշինյան - Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն. վարչապետը մեկնաբանում է՝ սրանք են մոսկովյան համաձայնագրում հիշատակվող կարգավորման սկզբունքները:

Նիկոլ Փաշինյան - Բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Հայաստանի ղեկավարի ցանկությունն է՝ հակամարտությունը վերջնականորեն լուծել՝ փոխզիջումների հիման վրա, գտնվի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Անկարայի նկրտումները պարզ են:

Նիկոլ Փաշինյան - Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է: Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է:

20-րդ դարասկզբի հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու ցեղասպան քաղաքականությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250