Մոնիթորինգ կիրականացնենք, անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որ մեր երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն

Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր։ Սա ընդհանուր առմամբ բարելավում է։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք. «Շատ կարևոր է արձանագրել, որ մեր ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է։ Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան։ Մենք մոտ 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ մարդը, նրա շրջապատը գիտեն, որ իրենք վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է, անկախ հիվանդն ասիմպտոմ է տանում, թե ոչ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել։

Վարչապետը նկատեց՝ առաջիկա մեր ամենամեծ ռիսկն այս բարելավումը խախտելու դպրոցների բացումն է. «Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, նաև պատճառն այն է, որ կա պահանջ՝ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն։ Մենք պարտադրված ենք քայլեր անել, որպեսզի թույլ չտանք՝ վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի։ Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են»,-ասաց վարչապետը։

Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումներից։

«Մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից: Մոնիթորինգ կիրականացնենք, անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որ մեր երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն»,-ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ