Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա

Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալսարաններում մի շարք դասապրոցեսներ անցկացվեն հեռավար կարգով: Չնայած նրան, որ օգոստոսի 10-ի պարետատան նիստից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսվելու են հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի դպրոցներում` ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ և սանիտարահիգենիկ կանոնների պահպանմամբ: 

 

«Որոշ ֆակուլտետներ իրենց ուսանողներին հայտնում են, որ հնարավոր է դասապրոցեսը իրականացնել և´ հեռավար, և´ ոչ հեռավար կարգով: Մեզ ասացին, որ խիստ մասնագիտական մի շարք առարկաներ մենք կիրականացնենք հեռավար համակարգով, իսկ մասնագիտականները` արդեն համալսարանում»,- մեզ հետ զրույցում ասաց  ԵՊՀ ուսանողներից մեկը: 

 

Ըստ ուսանողի` դասապրոցեսի մի մասը` հեռավար, մյուս մասը առկա ուսուցմամբ անցկացնելու նախնական և քննարկվող հարցը առաջացնելու է բարդություններ մարզաբնակ ուսանողների համար: 

 

«Համալսարանի կողմից որևէ հստակ որոշում և պատասխան չկա, անտեղյակ ենք և սպասում ենք արձագանքի: Հիմնական խնդիրը մարզաբնակ ուսանողների` Երևանում բնակվելու հարցն է, մենք բնակարան ենք վարձում և կթական տարին ապրում Երևանում, իսկ հիմա չգիտենք` ինչ անել, դժվար է նախատեսել այդքան գումար և՛ վարձավճարի համար, և՛ բնակարան վարձելու համար»: 

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի հանրային կապերի և լրատվամիջոցների հետ հաղորդակցության բաժնի ուսանողուհի Սոֆի Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ լիահույս է, որ գոնե այս շաբաթ համալսարանից կստանա տեղեկատվություն դասապրոսեցի մեկնարկի և ընթացքի մասին: 

 

«Ինձ համար զարմանալի է, թե ինչու մինչ այս մեր ֆակուլտետը չի արձագանքել դասերի անցկացման ընթացակարգի վերաբերյալ խնդրին, քանի որ հիմնականում բավականին ակտիվ են տեղեկացնելու առումով»,-նշեց ուսանողուհին: 

 

Թովմասյանի խոսքով` այս պահին միայն հայտնի է, որ դասերը սկսվելու են սեպտեմբերի 15-ից, սակայն, թե ինչ եղանակով են դրանք անցակացվելու, ուսանողների համար պարզ չէ:

«Ես միայն կարող եմ ենթադրել, որ դրանք մասամբ կլինեն օնլայն` մասամբ օֆլայն, բայց թե ինչ բաշխվածություն կլինի, չեմ կարող ասել»,- հավելեց ուսանողուհին:

 

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարություն՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում: Թեմայի շուրջ Auroranews-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: 

 

«Այդ թեման արդիական է և օրհասական: Ի աջակցություն ուսանողների` սկսել ենք օնլայն  ստորագրահավաք, որով պատրաստվում ենք դիմել  ՀՀ կառավարությանը և պահանջել ուսման վարձերի փոխհատուցում: Բազմաթիվ ուսանողներ, ինչպես նաև նրանց ծնողները արդեն ստորագրել են և մասնակցում են նախաձեռնությանը»,- ասաց ՈՒԽ նախագահը: 

 

Ըստ Ափոյանի` ուսանողական խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհն ունի ֆինանսական սուղ միջոցներ և չի կարող իր ծախսերին զուհագեռ բոլոր ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցում իրականացնել, դիմել է ՀՀ կառավարությանը: 

Հարցին` արդյոք նախաձեռնությունը ներառում է բոլոր ուսանողներին անկախ միջին որակական գնահատականից, Ափոյանը ասաց, որ ստորագրահավաք-նախաձեռնությունը իրականացվում է ԵՊՀ բոլոր ուսանողների համար: 

 

«Նախորդ անգամ, երբ մենք պահանջ ներկայացրինք` պահանջի հիմքում ընկած էր սոցիալական աջակցության հարցը, այսինքն շատ ուսանողներ հնարավորություն չունեին ուսման վարձը վճարելու, բայց կորոնավիրուսի հետևանքով չեզոքացման 14-րդ միջոցառման հիմքում դրվեց կրթական առաջնահերթություն, սա, իհարկե, լավ էր, որ կրթության խրախուսումը մեր պետության ուշադրության կենտրոնում է և առաջնահերթություն է համարվում, բայց ոչ այն ժամանակահատվածում, երբ ուսանողների սոցիալական ծանր շրջանում ներկայացվում է մի ծրագիր, որի հիմքում ընկած է վարձի փոխհատուցում առաջադիմություն ունեցող ուսանողներին: Այս ամենը ոչ արդյունավետ է կազմակերպված եղել»,-նշեց նա:

 

Ափոյանը հայտնեց, որ վարձերը մասնակի փոխհատուցում տրամադրելու հարցով ուսանողական խորհրդի կողմից առաջարկվող նախաձեռնություն վերաբերում է ԵՊՀ բոլոր ուսանողներին, քանի որ այս ընթացքում կրթությունը հավասար որակով չի մատուցվում ուսանողներին, և տեխնիկական խնդիրների պատճառով շատ ուսանողներ չեն կարողանում միանալ դասընթացներին, ինչպես նաև շատ դասախոսներ չեն կարողանում հավուր պատշաճի ներկայացնել դասանյութը: 

 

«Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ եթե նախորդ կիսամյակում շատ ուսանողների ծնողներ ունեին դեռևս նախորդ տարիներից կուտակած խնայողություններ, որի միջոցով կարող էին վարձավճար վճարել, ապա այս կիսամյակում նրանց մի մասը ճգնաժամային պայմաններում կորցրել են իրենց աշխատանքը, և ունեցած ֆինանսական խնայողությունները արդեն սպառվել են: Մենք այս կիսամյակում ունենք շուրջ 500 ուսանող, ովքեր նախորդ կիսամյակի վարձը ամբողջությամբ չեն վճարել, այսպիսի դեպք դեռ չէր եղել, որ նախորդ կիսամյակի վարձը չվճարած 500 ուսանող ունենանք»,-հավելեց նա: 

 

Հարցին` արդյոք մարզաբնակ ուսանողները, որոնք ունեն Երևանում բնակության խնդիր, այս հարցով դիմում են ուսանողական խորհրդին, Ափոյանը դրական արձագանքեց:

«Սա ևս քննարկվող հարցերից մեկն է, և մեզ դիմում են շատ ուսանողներ: Ուսանողների առաջ դրվում է անհրաժեշտություն, որ նրանք գան Երևան և բնակարան վարձեն, դա իր հերթին առաջացնում է հավելյալ ծախս և որոշակի սոցիալական բեռ: 

Մենք չենք կարող պահանջել, որ դասապրոցեսը իրականացվի ամբողջությամբ, քանի որ շատ ուսանողներ և դասախոսներ, իրենց առողջության համար անհանգստանալով, դժգոհում են և հայտնում, որ պատրաստ չեն առկա կարգով մասնակցել դասապրոցեսին: Մեր համոզմամբ լավագույն լուծումն այն է, որ դասապրոցեսը իրականացվի հեռավար: Հեռավարի դեպքում չեն տուժի ո´չ մարզաբնակ ուսանողները, ո´չ երևանաբնակները»,-նշեց Ափոյանը: 

 

Դասապրոցեսի  սկսման և կազմակերպման մասին զրուցեցինք նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանի հետ: 

 

«Լինելու է առկայի և հեռավարի համադրություն, բոլոր ֆակուլտետներն ունեն դասացուցակներ, որտեղ ներկայացված է, թե դասընթացի որ մասն է իրականացվելու հեռավար, որ մասը` առկա»,- նշեց խոսնակը:

 

Ըստ Էմին-Տերյանի` կա ԵՊՀ ռեկտորի հրաման, որով ներկայացվում է, թե ինչպես պետք է կազմակերպվի դասապրոցեսը, որում կան չափորոշիչներ այն մասին, թե որ մասնաշենքում քանի մարդ կարող է գտնվել:

 

«Հեռավարը լինելու է ոչ թե տարբեր սոցիալական ցանցերի միջոցներով, այլ ԵՊՀ-ի կողմից մշակված e-learning համակարգով:  Համակարգում տեսանյութով ներկայացված է գրանցման կարգը, ինչպես նաև ներկայացված է դասացուցակը: Առկա ուսուցմամբ կանցկացվեն այն առարկաները, որոնք գործնականաշխատանք  և դասախոսի հետ անմիջական շփում են ենթադրում»,-նշեց ԵՊՀ խոսնակը: