Հայ մասնագետները ստեղծել են օդը կորոնավիրուսից մաքրող գեներատորներ. «Արմենպրես»
Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ սեփական միջոցներով պայքարելու համար: Այս անգամ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար: ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն ձեռք է բերել դրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը:
«Օզոնային գեներատորներ շատ կան աշխարհում և տարբեր կիրառություններ ունեն: Մեզ համար կարևոր էր մտածել մի բան, որը կոչնչացնի վիրուսը: Մեր սարքած օզոնային գեներատորները կարող են 1 ժամվա մեջ 140 խորանարդ մետր ախտահանել»,-ասաց Ապրահամյանն ու հավելեց՝ թայմեր են տեղադրել 2 ժամվա համար:
Սարքի կիրառման ժամանակ սենյակում չպետք է մարդ լինի, օզոնը շնչառության համար վնաս է: Մասնագետները սկզբում պատրաստել են մեկ օրինակ, այն ներկայացրել Առողջապահության նախարարությանը: Նախարարությունից խումբ են ուղարկել, նայել այն, հավանություն տվել և 20 հատ ձեռք բերելու ցանկություն հայտնել: Օզոնային գեներատորներ արտադրվում են նաև Չինաստանում, սակայն Հայաստանում չեն եղել: Ապրահամյանի խոսքով՝ Չինաստանում յուրաքանչյուրի արժեքը կարող է տատանվել 100-1000 դոլարի շրջանակում: «Մեր սարքածը միջին որակի մի բան եղավ՝ համեմատելով չինականի հետ: Յուրքանչյուրի համար նյութերի ծախսը կազմեց 42 հազար դրամ, գործն անվճար արեցինք»,-ասաց նա ու նշեց՝ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են վաճառել 60-80 հազար դրամի սահմաններում:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ նախարարության կողմից գնված 20 օզոնային գեներատորները տեղադրվելու են հիվանդանոցներում: Իսկ, թե որ հիվանդանոցներում կտեղադրվեն, կորոշվի՝ ըստ անհրաժեշտության:
Մանրամասներին ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում