Այս տարի չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ի՞նչ է խորհուրդ տալիս անել Տիգրան Ավինյանը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հիշեցրել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:
2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:
Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:
Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:
Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»,- ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասե...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...