Հայրենիք են ժամանել վերջին օրերին Պեկինում ՀՀ դեսպանատանը բնակված երկու հայեր
«Օտար երկրում, անգամ, փակ օդային ճանապարհների, եւ լոգիստիկ հանգույցների անհասանելիության պայմաններում, անհավանականը հավանական կարող է դառնալ, երբ թիկունքում ունես քո պետությունը ներկայացնող դիվանագիտական կառույց, իսկ հայրենիքում՝ քաղաքացու արժեքը գիտակցող պետական այրեր»,-ասում է ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան ժամանած Վոլոդյա Մարգարյանը, որը վերջին շուրջ 10 օրերին բալիկի սպասող իր կնոջ հետ բնակվում էր Չինաստանում ՀՀ դեսպանատան շենքում:
Զույգը Չինաստանում ՀՀ դեսպանություն էր տեղափոխվել մարտի 28-ին այն բանից հետո, երբ Պեկինի օդանավակայանում ի հակառակ օր առաջ տրված հավաստիացումներին՝ նրանց չէին թույլատրել թռչել AEROFLOT ավիաընկերության Պեկին-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով. ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունը տեղափոխել էր բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին:
«Համավարակի այս օրերին ինքներս՝ որպես ՀՀ քաղաքացի, ականատես եղանք, թե ինչպես են տքնաջան աշխատում Չինաստանում մեր դիվանագիտական կառույցի բոլոր աշխատակիցները՝ կազմակերպելու եւ իրագործելու մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն ունեցող բուժսարքավորումների հավաքագրումը, ապա դրանց ապահով տեղափոխումը օդանավ: Աշխատանք, որն արվում է լուռ ու շատ հաճախ շարքային քաղաքացիներիս համար անտեսանելի»,-նշում է Վոլոդյան՝ շեշտելով, որ կազմակերպչական բարձր մակարդակ է դրսեւորվել նաեւ Պեկինի օդանավակայանում՝ չին գործընկերների հետ աշխատանքում:
Միջազգային թռիչքների համար այս օրերին փակ օդանավակայանը բացվել է հայազգի զույգի համար՝ մեկնման ընթացակարգը ապահովելու, ելքի օրինականությունը կնիքով վավերականացնելու համար:
«Առանձնահատուկ շնորհակալություն պարոն դեսպան Սերգեյ Մանասարյանին, հյուպատոս Արտակ Կալաչյանին, դեսպանության բոլոր աշխատակիցներին՝ ի դեմ Հայկի, որոնց հետ պատիվ ունեցա շփվել այս օրերին: Շնորհակալություն բոլոր պետական գերատեսչություններին, որոնք փակ օդային ճանապարհների պայմաններում իրականություն դարձրին այս չվերթը: Հատուկ շնորհակալություն օդանավի ողջ անձնակազմին, պրոֆեսիոնալներ, ովքեր ոչ միայն անվտանգ հայրենիք հասցրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ պետական միջոցներով ձեռքբերված, չին գործընկերների ու բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը, այլեւ՝ ինձ, կնոջս ու մեր ապագա բալիկին: Շնորհակալ եմ անչափ այս մարդասիրական քայլի համար: Նաեւ հարազատներիս ու ընկերներիս եմ շնորհակալ՝ դժվարին այս շրջանում մեզ ոգեւորելու ու լավատեսություն փոխանցելու համար»,-ասում է Վոլոդյան, ով կնոջ հետ համապատասխան խմբի ուղեկցությամբ կեսգիշերին օդանավակայանից տեղափոխվել է կարանտինային գոտի, ուր կգտնվի առաջիկա 14 օրերին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաեւ հայ եւ չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը: Միաժամանակ նշվել էր, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաեւ օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ: