ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում հայերի վերադարձը կազմակերպելու համար
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Ամբողջ օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ի չեղարկված չվերթի պատճառով «Դոմոդեդովո» օդանակավայանում մնացած քաղաքացիների հետ կապի մեջ են եղել դեսպանության աշխատակիցները։ Նրանց հետ զրուցել է դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Քաղաքացիների մեծ մասը դեռ երեկ՝ ապրիլի 2-ին, լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։
«Դոմոդեդովո»-ում մնացած ուղևորների հետ, ովքեր եկել էին ՌԴ տարբեր քաղաքներից, քննարկվել էին առաջին անհրաժեշտության իրերի տրամադրման հարցերը։
Ապրիլի 2-ի երեկոյան Վարդան Տողանյանն ու Բորիս Սահակյանը տեսազանգով կապ էին հաստատել օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այսօր՝ ապրիլի 3-ին նույնպես տեսազանգ են ունենալու նրանց հետ և ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիներին կայցելեն դեսպանատան աշխատակիցները։
«Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել հենց օդանավակայանից, որտեղ ցույց էր տալիս մյուս ՀՀ քաղաքացիներին և դիմում ՀՀ կառավարությանը՝ իրենց օգնելու համար։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքել էր և կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։
«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է մեր այն քաղաքացիների հետ, որոնք չվերթները չեղարկվելու պատճառով ապրիլի 2-ին չեն կարողացել վերադառնալ Երևան:
Քաղաքացիների մեծ մասն այս պահին լքել է օդանավակայանը և գտնվում է իրենց բարեկամների մոտ: Մի քանիսը մշտական կապի մեջ են ՀՀ դեսպանատան հետ, և դեսպանատունը զբաղվում է նրանց առաջնային խնդիրներով։ Դեպի Երևան չվերթը կկայանա մոտ օրերս»,- գրել է Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ընդհանուր առմամբ անդրադարձել էր Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին։
«Բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են կապվել ինձ հետ՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի հարավում (Սոչի, Ադլեր, Կրասնոդար և այլն) տարբեր ուղևորատար տրանսպորտային ավտոմեքենաներով գտնվող մեր քաղաքացիների ավտոմեքենաներով վերադարձը Ռուսաստանից դեպի Վրաստան անհնար է: Ցամաքային մուտքը Լարսի անցակետից այս պահին անորոշ ժամանակով փակ է: Միակ միջոցը Հայաստան վերադառնալու մնում է օդային ճանապարհը, որի ուղղությամբ ՌԴ-ում մեր դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է իրականացնել չարտերային չվերթ կամ չվերթներ առաջիկա երկուշաբթի և/կամ երեքշաբթի օրերին: Բոլոր վարորդները, եթե ցանկանում են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան, պետք է ամրագրեն իրենց տոմսերը ՌԴ-ում մեր դեսպանատան հետ, ժամանեն Մոսկվա, որպեսզի հնարավորություն ունենան նշված չարտերային հնարավորությունից օգտվելով վերադառնալ Հայաստան»,- գրել է Բաբաջանյանը և տեղեկացրել, որ շարունակում է հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մասին տեղեկությունները: Պատգամավորը դրանք փոխանցում է ՌԴ-ում ՀՀ դեսպանին՝ Ռուսաստանում անելանելի կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...