Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

«Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23-ամյա Վաչե Ասատրյանն ու 30-ամյա Արգամ Հովհաննիսյանը:

Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից:

Բժիշկներն ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցումով են գնացել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու: Ի սկզբանե չեն ունեցել վախի և անհանգստության զգացում, մտածել են իրենց աշխատանքի՝ մարդկանց օգնելու մասին:

Մթնոլորտը շատ լավ է, կատակում են, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին հոգեբանորեն հանգստացնում, ճնշող երևույթներից և խուճապային տրամադրություններից ետ պահում:

Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի:

Շնորհակալ եմ մեր բժիշկներին, շտապօգնության ծառայության աշխատակիցներին ու, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ծանրաբեռնված և սրտացավ աշխատանքի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը։

Քաղաքականություն

Պատահարներ