Ո՞րն է լինելու այն շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակն անվերահսկելի է. լրագրողը՝ նախարարին
Շուրջ 16 հյուրանոցային համալիրներում են գտնվում մեր բոլոր հիվանդ քաղաքացիները և ունենք 9 բժշկական կենտրոններ, որից ամենամեծը սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն է, որն այսօրվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը․ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«328 նմուշի հետազոտություն է արվել ապրիլի 1-ին, որից դրական 92 թեստի արդյունք ենք ունեցել, նրանցից կեսից ավելին հայտնի անձինք են, որ մեկուսացված են եղել, կան նաև այլ օջախներ, հատկապես բերովի, որոնք, մեր կարծիքով, վաղ են հայտնաբերվել, ու նրանց շփման շրջանակը, մեր կարծիքով, այդքան էլ լայն չէ: Հաշվի առնելով թվերը՝ պետք է զգոն լինենք, ինչպես վարչապետը նշեց, պետք չէ խուճապի մատնվել, մեր կողմից խորհուրդ տրվող կանոնները պետք է կրկնապատկել, համենայն դեպս, կոտրել տարածումը: Այլ տարբերակ, քան հայտնաբերել ու տարածման ուղիները կոտրել, չկա»,- ասաց նախարար Թորոսյանը:
Լրագրողի հարցին, թե ո՞րն է լինելու այն շեմը, երբ Դուք կհայտարարեք, որ իրավիճակն անվերահսկելի է, հարցին՝ Ա․ Թորոսյանը պատասխանեց․ «Իրականում կա նման կետ, երբ մենք կասենք այլևս հնարավոր չէ գնալ դեպքի հետևից ու գտնել, թե որտեղից է առաջացել այն, բայց հույս ունեմ, որ շատ հեռու ենք այդ կետից և չենք հասնի դրան։ Մեր խնդիրն է չհասնել այդ կետին։ Եվ գալու է մի պահ, որ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով»։