Փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում․ PanARMENIAN
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցանկանում է նոր ճանապարհով գնալ՝ ուղևորափոխադրումների ոլորտը փոփոխություններով կարգավորելու համար: Գերատեսչությունը նոր օրինագիծ է մշակել, փոփոխությունների պլան՝ օնլայն տաքսիների ոլորտը կարգավորելուց մինչև նոր տեսակի լիցենզիաների ստացում և քայլեր՝ միջքաղաքային երթևեկության բարելավման ուղղությամբ:
ԱԺ-ում «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծումները» թեմայով լսումների ժամանակ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը խոսել էր նոր օրինագծի մասին, նշել մոտավոր կարգավորման ոլորտները, բայց մանրամասներ չէր հայտնել: Սպասվելիք փոփոխությունների, նոր օրինագծի առանցքային կետերի մասին փոխնախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին:
Լրատվականի հարցազրույցում ասվում է․
«Օնլայն տաքսիները պետք է գործակցեն միայն լիցենզավորված վարորդների հետ
Օնլայն տաքսիներն իրենց բնորոշում են որպես միջնորդ կազմակերպություններ: Սա ընդունելի է, քանի որ իրականում իրենք ուղևորի փոխադրմամբ չեն զբաղվում՝ ընդունում են պատվերը, փոխանցում համապատասխան այն ընկերության կամ վարորդի, որն էլ կատարում է այն: Այս ուղղությամբ՝ հիմնական կանոնակարգման նպատակն է, որ այդ ընկերություններն իրենց գործունեությունը վարեն միայն լիցենզավորված կազմակերպությունների հետ: Այսինքն, ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել: Հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի՝ կտուգանվի: Այս նախագծի հիմնական նպատակը բոլորին օրենսդրական դաշտ բերելն է:
Տաքսիների լիցենզիաները պետք է տեսակավորվեն
Օրենքի նախագծում այս ուղղությամբ տարանջատել ենք լիցենզիաների տեսակները: Ունենք, պայմանականորեն, F տեսակի լիցենզիա. նախագծով այն վերաբերում է ֆիզիկական անձանց: Այսօրվա դրությամբ, այս տեսակի լիցենզիան անվճար է, անվճար կլինի նաև օրինագծի ընդունման դեպքում: Այսինքն՝ պետք է միայն համապատասխանել «Անվտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի պահանջներին: Այս տեսակի լիցենզիա ունեցողներն իրավունք չունեն գործելու միջնորդավորված՝ չեն կարող գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ: Նրանք կարող են իրենց հաճախորդին գտնել և աշխատել միայն անմիջականորեն (այսինքն՝ փողոցում հաճախորդ գտնելով,- խմբ․) : Այսպիսով, վարորդն անվճար տրվող լիցենզիայով միջնորդի օգնությամբ աշխատել չի կարող, օնլայն ծառայության հետ գործակցելու համար պետք է հանդես գա որպես անհատ ձեռներեց կամ ՍՊԸ բացի: Կազմակերպությունների միջոցով լիցենզիա ստանալուց հետո միայն հնարավոր է աշխատել օնլայն հարթակների հետ: Օնլայն հարթակն էլ, իր հերթին, իրավունք ունի պայմանագիր կնքելու միայն լիցենզավորված կազմակերպությունների կամ անձանց հետ:
Պետտուրքի կրճատում՝ գործող ու դեռ գալիք օնլայն տաքսիների համար
Ըստ նախագծի՝ օնլայն տաքսի ծառայության գործունեությամբ զբաղվելու համար պետք է ծանուցվի լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
ՀՀ-ում արդեն գործող մոտ 2600 կազմակերպություն լիցենզիա ունի և, կախված մեքենաների քանակից, պետտուրք է վճարում: Նոր փոփոխություններով,այդ վճարները կրճատում ենք, այսինքն՝ ամեն մեքենայի ներդրի համար (բացի լիցենզիայից կա նաև ներդիր)՝ տուրքը կնվազի տարեկան մինչև 20,000 դրամ: Կարծում եմ՝ ավելի մատչելի պայմաններով գործունեություն ծավալելու հնարավորության դեպքում ճիշտ կլինի, որ բիզնեսը լիցենզիոն հին «գոտուց» նորը տեղափոխվի. այստեղ ավելի լավ պայմաններ են: Չտեղափոխվելը ևս իր իրավունքն է:
6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրում կատարողներն արտոնագրային հարկ են մուծելու
Օրենքի նախագծով մասամբ կանոնավոր ուղևորափոխադրման դաշտն էլ է փորձում կանոնակարգվել: Այսպիսով, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող 6-8 տեղանոց մեքենաների վարորդները, ըստ նախագծի՝ պետք է արտոնագրային հարկ վճարեն, ինչպես դա անում են միկրոավտոբուսներն ու ավտոբուսները: Ուզում ենք բոլորին հավասար դաշտ բերել, որ ինչ-որ մեկն արտոնյալ պայաններ չունենա: Եթե ընկերություն է, ունի նման մեքենա, զբաղվում է կոնկրետ ուղևորափոխադրումներով՝ պետք է արտոնագրային հարկ վճարի։ 6-8 տեղանոց մեքենաներն անհատական կարիքներով օգտագործելու դեպքում, իհարկե, վճարել պետք չէ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում