Մեջքով շրջվելը այդքան կարևոր չէր․ ադրբեջանցին ավելի շատ հայկական հիմն է լսել
Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների: Այս մասին մարզիկները հայտնեցին փետրվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում:
Արթուր Ալեքսանյանը, անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը նշեց, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր: «Ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեց Արթուր Ալեքսանյանը:
Մարզիկը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև թուրք մարզիկի՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելու պահվածքին՝ նշելով,որ դա այդքան էլ կարևոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանն ու հավելեց, որ դահլիճում հայ երկրպագուները շատ էին ոգևորել մարզիկին, նամանավանդ, երբ նրանց շարքում էր Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը։
Կարապետ Չալյանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել: «Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապել, հենց այդ շտապելն է, որ խանգարում է ինձ հաղթել»: Խոսելով իր մրցակիցներից՝ Չալյանը նշեց, որ բոլորը փորձառու ըմբիշներ էին. «Դժվար էր գոտեմարտելը, բայց փա՛ռք Աստծո, առանց մեդալ չվերադարձա»:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալ: