Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը և հնարավոր արդյունքը

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Համաձայն ԱՄՆ սահմանադրության՝ Ներկայացուցիչների պալատն ունի բացառիկ իրավունք նախագահին իմպիչմենտի ենթարկելու որոշում կայացնելու հարցում, իսկ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատն ունի իմպիչմենտի հարցով «դատավարություն» անցկացնելու բացառիկ իրավունք, գրում է «Արմենպրեսը»: 

 

ԱՄՆ ներկայիս նախագահը մեղադրվում է երկու հոդվածով.

 

իշխանության չարաշահում (ըստ դեմոկրատների՝ Թրամփը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ հետաքննություն սկսելու 2020թ. սպասվող ընտրություններում իր դեմոկրատ հակառակորդ Ջո Բայդենի դեմ),

 

Կոնգրեսի գործունեության խոչընդոտում (ըստ դեմոկրատների՝ Թրամփը մերժել է համագործակցել Կոնգրեսի հետ իմպիչմենտի հետաքննության գործընթացում):

Սենատում ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը մեկնարկել է հունվարի 21-ին: Գործընթացի առաջին օրն արդեն աչքի ընկավ բուռն քննարկումներով, որոնք տևեցին 12 ժամ: Օրակարգում էր Սենատի կողմից իմպիչմենտի դատավարության ընթացակարգի կանոնների հստակեցման հարցը: Չնայած դեմոկրատների դիմադրությանը՝ ի վերջո Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները կողմ քվեարկեցին մեծամասնության առաջնորդ Միչ Մքքոնելի բանաձևի օգտին, ինչը ենթադրում է, որ գործընթացը պետք է անցնի արագ և չեն հրավիրվի նոր վկաներ: Քվեարկության ժամանակ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները դրսևորեցին միասնականություն՝ բոլոր հանրապետականները քվեարկեցին կողմ (53 կողմ), իսկ բոլոր դեմոկրատները՝  դեմ (47 դեմ):

 

Հունվարի 22-ին դեմոկրատները սկսեցին ներկայացնել իրենց փաստարկները Սենատում՝ փորձելով համոզել սենատորներին իմպիչմենտի ենթարկել նախագահին: Թրամփի դեմ փաստարկներ ներկայացնող այսպես  կոչված դեմոկրատ «մենեջերների» շարքում են Ներկայացուցիչների տան Հետախուզության կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆը, ինչպես նաև Դատական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը:  Իրենց փաստարկները ներկայացնելու համար նրանց տրվել էր 24 ժամ՝ երեք օվա ընթացքում:

 

Դեմոկրատներից հետո՝ շաբաթ օրը, Թրամփին պաշտպանող թիմը և հանրապետականներն են սկսել ներկայացնել իմպիչմենտի դեմ իրենց փաստարկները (նրանք ևս ունեցել են 24 ժամ 3 օրվա ընթացքում): ԱՄՆ նախագահին պաշտպանող թիմը ղեկավարվում է Փեթ Սիփոլոնենի կողմից, ով հանդիսանում է ԱՄՆ նախագահի Սպիտակ տան փաստաբանը և հայտնի է որպես հմուտ իրավաբան: Ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի՝ վերջինիս թիմը պատրաստել է 171 էջանոց զեկույց, որտեղ նշվում է, որ նախագահի դեմ ուղղված մեղադրանքները «անհիմն են և երկրի անվտանգության համար վտանգավոր»: 

 

Թրամփի թիմն վերջացրել է ներկայացնել իր փաստարկները  հունվարի 28-ին: Սենատորներին տրվել է 16 ժամ գրավոր հարցեր ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Սենատում կսկսվի բանավեճ այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է այս փուլում լսել նոր վկաների։ Դեմոկրատները պնդում են, որ անհրաժեշտ է լսել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, ով իր կողմից հեղինակած վերջին գրքում նշել է, որ ԱՄՆ նախագահն իրեն անձամբ է ասել, որ հետաձգում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ սպասելով նրանցից քաղաքական ծառայությունների: 

 

Վկաներին լսելու հարցի շուրջ կարող է անցկացվել ևս մեկ քվեարկություն, որտեղ անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն` 51 ձայն (այժմ դեմոկրատներն ունեն 47, իսկ հանրապետականները՝ 53 ձայն): Եթե հանրապետականներին այս անգամ էլ հաջողվի դեմ քվեարկել, հաջորդ փուլում արդեն կանցկացվի գլխավոր քվեարկությունը՝ իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ նախագահին, թե՝ ոչ: ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար կպահանջվի սենատորների ձայների երկու երրորդը:

 

Ամփոփելով կարող ենք փաստել, որ գործընթացը և այս հարցում հանրապետականների դրսևորած միասնականությունը փաստում է, որ այս փուլում հնարավոր չի լինի հասնել նախագահի իմպիչմենտն, ինչն, անշուշտ գիտակցում են նաև դեմոկրատները: Ուստի, այս պարագայում վերջիններիս համար կարևոր է ոչ թե գործընթացի արդյունքը, այլ ընթացքը. որքան բարձր հնչեղություն ստանա գործընթացը, այնքան Թրամփի դիրքերը կխաթարվեն նախագահական ընտրություններին ընդառաջ: 

Քաղաքականություն

Պատահարներ