
Ռուսաստանին գազի դեֆիցիտ է սպառնում․ Պուտին

Ունենալով աշխարհի խոշորագույն գազի պաշարները՝ ավելի քան 60 տրիլիոն խորանարդ մետր ծավալով, Ռուսաստանը կարող է բախվել գազի դեֆիցիտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է The Moscow Times-ը։
Գազի հնարավոր դեֆիցիտի հետ կապված Պուտինն առաջարկել է անցնել ածուխի օգտագործման, որի պաշարները, նրա խոսքով, «կբավականացնեն գրեթե հազար տարի»:
«Ածխի բոլոր պաշարները կբավականացնեն 900 տարի, որոնք, անշուշտ, կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել, ավելի մեծ եկամտաբերությամբ ու բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ գազի դեֆիցիտի նշաններն արդեն տեսանելի են Հեռավոր Արևելքում։ ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալով՝ ներկա պահին Ռուսաստանն ունի 63,4 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշար, որը պետք է բավարար լինի 100 տարի արդյունահանման համար: Հաշվիչ պալատը 2020 թվականին ռուսական պաշարները գնահատել է աշխարհի 20%-ը, բայց նախազգուշացրել է, որ դրանք կբավականացնեն միայն 50 տարի։ Միևնույն ժամանակ, «չոր գազի» (այսինքն՝ գրեթե մաքուր մեթանի) որակական պաշարները «զգալիորեն ցածր են ընդհանուրից»:
Արտահանման կեսից ավելին կորցրած «Գազպրոմը» որոշել է հավելյալ գազն ուղղել ռուս սպառողներին։ Երկու տարի առաջ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը խոստացել էր, որ երկրի ամբողջական գազիֆիկացումը կավարտվի 2030 թվականին։ Ավելի վաղ նա ասել էր, որ մինչև 2026 թվականը ամբողջությամբ գազիֆիկացված կլինի Ռուսաստանի 35 մարզ։