Սպանդանոցների ավելացմանը զուգահեռ գինն իջնելու է․ Անուշ Հարությունյան

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սպանդանոցային պարտադիր մորթին:

Նա մասնավորապես գրել է.

«Շատերից եմ լսում, որ սպանդանոցային մորթի անցնելու համար նախ պետք է պայմաններն ապահովել: Համաձայն եմ 100%-ով: Եվ պայմաններն ապահովված են և դա ապահովել է, որքան էլ տարօրինակ հնչի, սպանդանոցային մորթի պարտադիր պայմանը …

Սպասեք, վա՜յ, ասում եմ…

Այսօր՝ հունվարի 21-ին, արդեն 38 գործող սպանդանոց կա, 6 օր առաջ՝ հունվարի 15-ին, ընդամենը 22-ն էին, վաղն արդեն ավելի շատ կլինի. 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման… ամսի 15-ից արդեն 17 զանգ ունեմ միայն թեժ գծով՝ սպանդանոց կառուցելու պայմաններին են ուզում ծանոթանալ: Երեկ ուղիղ եթերում եզդի համայնքի ներկայացուցիչն էր, բացատրեցինք՝ համոզվեց… մտածում է սպանդանոց կառուցելու առաջարկ անել իր համայնքում: Այսօր գալու են մեզ մոտ՝ պայմաններին ծանոթանալու… մեր աշխատակիցներին տասնյակ մարդիկ են սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնել: Բազմաթիվ գյուղացիներից զանգեր ենք ստանում, գոհ են, որ միջնորդների կամայականություններից ազատվելու են…

Այս բոլորը չէր լինի, եթե ՊԱՐՏԱԴԻՐ պայմանի սկզբունքը կյանքի չկոչվեր: Կառավարության որոշումն ուժի մեջ է 2018-ի հուլիսի 1-ից: Պարտադիր պահանջին չէինք հետևում, սպանդանոցների քանակն 17-ն էր… չհետևելու ընթացքում ԸՆԴԱՄԵՆԸ 5 սպանդանոց էր բացվել…. համեմատեք!!!

Մի երկու ամիս հետո որևէ սպանդանոց որևէ գյուղից 30 կմ-ից հեռու չի լինելու, ինչը նշանակում է, որ կենդանին տեղափոխվելու է ԱՆՎՃԱՐ: Մորթի արժեքը կա և լինելու է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար: Սպանդանոցների ավելացմանը զուգահեռ գինն իջնելու է. շուկայի օրենքն է:

Էնպես որ, իմ հարգելի, սիրելի ժողովուրդ ջան, պայմանն ապահովվում է ընթացքում և սուղ ռեսուրսներով երկրի համար սա տրամաբանական միակ ճանապարհն էր:

Հ.Գ. ամենախիստ վերահսկողություն է իրականացվելու սպանդանոցների նկատմամբ»:

Քաղաքականություն