«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը բացակայում էր

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն մայրաքաղաքի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Յուվենտուս»-ին:

 

«Յուվենտուս»-ից 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Ռոմա»-ի դարպասը գրավեց Դեմիրալը: Խաղի 10-րդ րոպեին «Ծեր Սինյորան» կրկնապատկեց հաշվի առավելությունը: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոնալդուն: Վիճակագրությամբ գնդակին ավելի շատ տիրում էր «Ռոմա»-ն, սակայն տան տերերին առաջին կեսում այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չհաջողվեց:

 

Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր «Ռոմա»-ն: Եվ իրար հաջորդող գրոհներից մեկի ժամանակ «գայլերը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Պերոտին: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց և «Ռոմա»-ն պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի հայտացուցակում չէր վնասվածքի պատճառով:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մեկ հորիզոնականով նահանջեց մրցաշարային աղյուսակում և այժմ 5-րդն է:

 

Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքյին թիմը կանցկացնի հունվարի 17-ին արտագնա խաղում մրցելով «Պարմա»-ի հետ: