Մխիթարյանը վնասվածքի պատճառով 1 ամիս չի խաղա

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել ամենաքիչը 1 ամսով:

 

 Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera-ն: 30-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք է ստացել հունվարի 5-ին կայացած Իտալիայի 2019-20 առաջնության 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ, որում նրա թիմը պարտվել է 0:2 հաշվով: Այդ խաղում Մխիթարյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա բաց կթողնի «գայլերի» առաջիկա կարեւոր հանդիպումը: Ա Սերիայի առաջին շրջանի վերջին՝ 19-րդ տուրում հռոմեացիներն  ընդունելու են «Յուվենտուսին»: Խաղը տեղի է ունենալու հունվարի 12-ին:

 

Սա Մխիթարյանի 2-րդ վնասվածքն է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանի ընթացքում: Աշնանը նա 2 ամիս բացակայեց աճուկային վնասվածքի պատճառով: Չմասնակցեց ինչպես իր թիմի, այնպես էլ ՀՀ հավաքականի մի շարք հանդիպումների: Դեկտեմբերին խաղադաշտ վերադառնալուց հետո նա աստիճանաբար հունի մեջ էր ընկնում: Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում 9 խաղի է մասնակցել: Խփել է 3 գոլ ու գոլային 1 փոխանցում է կատարել: