Քաղաքականություն

Բոլորովին բարդույթներ չունեմ. Մենք մեզ չենք շրջապատել պալատական կյանքի ատրիբուտներով. Աննա Հակոբյանի հարցազրույցը

Բոլորովին բարդույթներ չունեմ. Մենք մեզ չենք շրջապատել պալատական կյանքի ատրիբուտներով. Աննա Հակոբյանի հարցազրույցը
Հեռանկարի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է պալատական կյանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ նշելով, որ չի կարող ասել՝ ինչպիսին է պալատական կյանքը, որովհետև իրենք չեն…

Հեռանկարի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է պալատական կյանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ նշելով, որ չի կարող ասել՝ ինչպիսին է պալատական կյանքը, որովհետև իրենք չեն ապրում այդ կյանքով: Նրա համոզմամբ, այն փաստը, որ թիկնապահներ ունեն, չի նշանակում, որ իրենք պալատական կյանքով են ապրում: 

«Թիկնապահները պալատական կյանքի մաս չեն կազմում: Պալատական կյանքն իմ պատկերացմամբ այլ բան է. պալատական կյանքով ապրողն իրեն շրջապատում է տարբեր ատրիբուտներով, որոնց մեջ չեմ կարծում, որ թիկնապահները կամ անվտանգության ծառայությունը մտնում են: Մենք, ըստ էության, մեզ չենք շրջապատել և չենք պատրաստվում շրջապատել պալատական կյանքի ատրիբուտներով»,-նշել է նա: 

Անդրադառնալով ամառանոցի վերանորոգման համար ծախսված գումարներին՝ Աննա Հակոբյանը նշել է, որ իրենց ծանոթներից շատերը գնել են բնակարաններ և վերանորոգել այն ճիշտ նույնքան գումարներով, որքան արժեցել է իրենց առանձնատան վերանորոգումը: 

«Այդ պատճառով դա ինձ համար տարօրինակ չէ»,-ասել է վարչապետի տիկինը: 

Նա ավելացրել է, որ տանն օգնող ձեռք ունենալը ևս նորություն չէ իր համար: 

«Տասնյակ տարիներ ես տանը մշտապես ունեցել եմ օգնող ձեռք՝ իմ աշխատանքի բնույթից և իմ ամուսնու ծանրաբեռնվածությունից ելնելով»,-ասել է Ա. Հակոբյանը՝ նշելով, որ տան աշխատողն օգնել է երեխաների խնամքի և տնային տարբեր հարցերում: 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույցում անդրադարձել է իր վարսահարդարին 20 հազար ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ խոսակցություններին: 

«Ես չգիտեմ, թե ինչպես են հաշվել. տարեկան աշխատավարձն է, թե այլ բան. բայց կարող եմ ասել, որ 2019 թ.-ի սեպտեմբերից սկսած իմ ամուսնու պահանջով այցերի ժամանակ ինձ չի ուղեկցում ոչ վարսահարդար, ոչ որևէ այլ օգնական»,-նշել է Աննա Հակոբյանը: 

Նա պատմել է, որ դա սկսվել է ԱՄՆ այցից, որտեղ տեղափոխման հետ կապված խնդիր է եղել: 

Վարչապետի տիկինը չի բացառում, որ վարսավիրի հետ կապված ծախսերն իր ամուսնուն ևս մեծ են թվացել և նա որոշել է վերացնել այդ երևույթը հատկապես այցերի ժամանակ: 

«Մեծ բաժինն այցերի ընթացքում է ծախսվում, քանի որ Հայաստանի ներսում փոխադրման կամ կեցության խնդիր չկա»,-նկատել է Ա. Հակոբյանը: 

«Այժմ կարող եմ ասել՝ մեծ թվով այցեր ես ունեցել եմ առանց նման մասնագետի օգնության»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ համացանցում ինչ-որ օգտատերեր նման այցերից լուսանկարներ են հրապարակել և գրել, որ տիկինն անխնամ տեսք ունի: 

«Բոլորովին բարդույթներ չունեմ. կարող եմ նաև առանց համապատասխան մասնագետի օգնության ներկայանալ: Բայց կարծում եմ, որ դրան կհետևեն այսպիսի խոսակցություններ՝ անխնամ է, արժե՞ այդպես ներկայանալ, երկիր է ներկայացնում և այլն,-ասել է Աննա Հակոբյանը և շարունակել,-Առաջարկում եմ, որ այս հարցում հանրությունը որևէ կոնսենսուսի գա, որովհետև դա ինձ համար ամենաառաջնային հարցերից չէ, ես սիրով գեղեցկանում եմ մասնագետի օգնությամբ և կարող եմ ներկայանալ իմ բնական գեղեցկությամբ թույլ տվեք ասել»: 
 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքէջում՝ SHANTNEWS-ում:
 

 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250