Երջանիկ եմ, որ թիմին օգնեցի հաղթել «Բորուսիա»-ին. Ադամյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Երջանիկ եմ, որ օգնեցի թիմին հաղթել: Ուժեղ մրցակցի դեմ խաղում մեզ հաջողվեց կարևոր միավոր կորզել: Ի տարբերություն առաջին խաղակեսի, մենք երկրորդ կեսում արեցինք այն, ինչի ունակ էինք»,- Ադամյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ն: Մարիո Գյոտցեին 17-րդ րոպեին հաջողվեց առաջ մղել «Բորուսիա»-ին, սակայն փոխարինման դուրս եկած Ադամյանը 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով «Հոֆենհայմ»-ին խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնամասում «Հոֆենհայմ»-ից Կրամարիչին հաջողվեց խփել իր թիմի երկրորդ գոլը՝ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: «Հոֆենհայմ»-«Բորուսիա»՝ 2:1: Հայաստանի ազգային հավաքականից Սարգիս Ադամյանը Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսի մեկնարկին: