Սմբատ Այվազյանը Մարտի 1-ի գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանը արադարացվեց: Նման որոշում այսօր կայացրեց Վճռաբեկ դատարանը Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ:

 

Այսպիսով դատարանը որոշեց Սմբատ Այվազյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով:

 

Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ բողոք ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս. Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, ինչպես նաեւ՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած եւ վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի եւ 2 տարի ժամկետով ազատազրկման։

 

Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2009-ի հունիսին համաներմամբ ազատ է արձակվել: 2014 թվականին նա մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ