
Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցեց Բելառուսին

Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 20-ը տեղի ունեցավ Եվրասիական Տնտեսական Միության խորհրդի տարվա ամփոփիչ նիստը՝ նեղ և ընդլայնված կազմով, որտեղ ներկա գտնվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո նախատեսված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ, նույնպես, ՀՀ վարչապետը կցուցաբերի մասնակցություն:
ԵԱՏՄ խորհրդի նիստը սկսվեց նախատեսվածից մի փոքր ուշացումով: Այդ առումով կոնկրետ պատճառաբանություն չնշվեց, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ մինչ նիստի սկիզբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ձգվեց երկու ժամից ավելի, ապա կարելի է ենթադրել, որ հենց դա էր պատճառը նիստի որոշակի ձգձգման:
ԵԱՏՄ խորհրդի այսօրվա նիստում պատվավոր նախագահողի դերում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է և ՌԴ նախագահ Վ. Պուտինը նրան ուղղված շնորհակալական խոսքով էլ բացեց խորհրդի նեղ կազմով նիստը՝ ընդգծելով, որ Միությունը ստեղծելու մտահաղացումը Նազարբաևինն է և հավաստիացրեց վերջինիս, որ նրա մտահաղացումը հաջողված է ու գործում է ամբողջ թափով, չնայած որոշակի խնդիրների, որոնք բնականոն երևույթ են նման կառույցների համար և որոնք անպայման լուծում կստանան հետագայում:
Այնուհետ Ռուսաստանի նախագահը խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, որը ողջունելով ներկաներին նշեց, որ տարին ամփոփում են լավ տրամադրությամբ, քանի որ օրակարգում եղած բոլոր հարցերի շուրջ նիստի մասնակիցները ունեն փոխհամաձայնություն, այնպես որ անմիջապես կարելի է անցնել նախապատրաստված փաստաթղթերի ստորագրման գործընթացին: Վարչապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ Հայաստանի ընթացիկ տարվա նախագահությունը Միությունում եկող տարում անցնելու է Բելառուսին:
Ողջույնի խոսքով հանդես եկող Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ չափազանց արդյունավետ նախագահության համար, այնուհետ ցանկացավ ներկայացնել ԵՏՀ կոլեգիայի նախագահի նոր թեկնածուին՝ Միխայիլ Մյասնիկովիչին, որը հաջորդ տարի փոխարինելու է Տիգրան Սարգսյանին, սակայն, չտեսնելով նրան տեսադաշտում, կոչ արեց գալ և ներկայանալ, որպեսզի հետագայում ներկաները չասեն, թե «կատուն ընտրել են պարկի մեջ»: Այնուհետ, Լուկաշենկոն իրեն հատուկ գործնականությամբ սեղմ ու հակիրճ ներկայացրեց, որ կոլեգիայի նեղ կազմում արդեն համաձայնեցրել են, որ ԵԱՏՄ առևտրային բլոկը ՌԴ-ի պատասխանատվության տակ է, տեխնիկական կարգավորումների և ագրարային արդյունաբերության ուղղությամբ աշխատելու է հայկական կողմը, դե իսկ Բելառուսին էլ մնում է միայն հաջող նախագահելու պարտավորությանը:
Նեղ կազմով նիստն ավարտելուց հետ, պետությունների ղեկավարները տեղափոխվեցին առավել ընդարձակ դահլիճ և սկսվեց ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ արդեն ներկա էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի նոր թեկնածուն՝ Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց պարտավորությունները ստանձնելուց հետո լինել անդամ երկրների բոլոր մայրաքաղաքներում, տեղում ծանոթանալ այն խնդիրների հետ, որոնք ազգային յուրահատկություն ունեն և պատմել Միության ղեկավար կազմին այդ խնդիրների մասին՝ դրանց արդյունավետ լուծումը գտնելու և փոխհամաձայնության հասնելու նպատակով:
ԵԱՏՄ խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո սկսվեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ ներկա է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: