Հայաստանում վերջացել է տեխանձնագրի հումքը․ սահմանին առաջած խնդիրներն ու լուծումը

Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը և տեխանձնագրի պլաստիկը: Այս մասին ավելի վաղ ինֆորմացիա էր տարածել Ճանապարհային ոստիկանությունը: Այդ հայտարարության համաձայն՝ 2019 թվականին ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, ինչպես նաև վարորդական վկայականների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են, իսկ նոր քանակի առաքումը կարող է տևել մոտ մեկ ամիս։ 

 

Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որի ձևը հաստատված է ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանված ձևին համապատասխան։ Երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման: Հայցելով վարորդների ներողամտությունը, Ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ պարզաբանում է, որ հաշվառման ժամանակավոր վկայագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ հաշվառման ժամանակավոր վկայագրի թարգմանված տարբերակը: Նշենք, որ նման փաստաթղթի թարգմանությունը 5-6000 դրամ է:

 

AuroraNews-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ այդ թարգմանված տարբերակը վրացական անցակետում չի անցնում: Կապ հաստատեցինք ՀՀ ԱԳՆ, ՃՈ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ: ՃՈ-ից տեղեկացանք, որ համապատասխան թղթերն ուղարկել է ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ոստիկանություններ: Քիչ առաջ ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրին, որ խնդիրը հարթվել է եւ ժամանակավոր փաստաթղթերով վարորդները Վրաստանի անցակետում խնդիրներ չեն ունենա: Auroranews-ը քաղաքացիներին հորդորում է նման խնդրի դեպքում զանգահարել  011 21 10 07 կամ 8077 հեռախոսահամարներով:

Քաղաքականություն

Պատահարներ