60 հազար քաղաքացի պահանջում է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը․ Աղվան Վարդանյան

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

 

Վարդանյանը հիշեցրեց, որ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Նաեւ հույս էին հայտնում, որ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»:

 

Նա նշեց, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը։

«Ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա։ Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ՝ պետությանը։ Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ միջոցը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունը առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»։

 

Աղվան Վարդանյանն ասաց, որ մնում է երկրորդ ճանապարհը. «Խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային քաղաքական պահանջ։ Արձագանքելով այդ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»: