Արմեն Մուրադյանն ըննդեմ Արսեն Թորոսյանի նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, հետաձգվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։
Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:
Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ իրենք զրպարտություն են համարում Հանրային հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարությունները, ըստ որի՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ:
Արսեն Թորոսյանը հայտարարել է նաև, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։
Հայցվորները պահանջում են ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները», - նշեց Մուրադյանի ներկայացուցիչը։
Բացի այս, հայցվոր կողմը Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։
Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը, սակայն, հայտարարեց, թե պահանջներն անհիմն են ու ենթակա են մերժման։
Դատավոր Գրիգորի Վարդանյանը հետաձգեց դատական նիստը պատճառով, որ հաջորդ դատական նիստին ապահովվի նաև Հանրային հեռտուստաընկերության ներկայացուցչի մասնակցությունը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2020 թվականի ապրիլի 8-ին՝ 11։50-ին։
Ի դեպ, դատական նիստի ընթացքում դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք կողմերը պատրաստ են հաշտության գնալ։ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչն ասաց, որ իր վստահորդի հետ այդ հարցը չի քննարկել, Արմեն Մուրադյանի ներկայցուցիչն էլ նշեց, որ հաշտության գալու վերաբերյալ սպասում են պատասխանող կողմի դիրքորոշմանը, որից հետո միայն իրենք կխոսեն իրենց դիրքորոշման մասին։
Հիշեցնենք՝ երբ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը տապալել էր Արսեն Թորոսյանի ասուլիսը, ասուլիսից հետո նախարարը հայտարարել էր, թե իր դեմ արշավն ուղղորդվում է Արմեն Մուրադյանի կողմից։
Արմեն Մուրադյանն էլ արձագանքել էր Ա. Թորոսյանին՝ հայտարարելով. «Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի»: