ՀՅԴ ուսանողական միության անդամները լքել են միության շարքերը

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության՝ ՆԱՈւՄ-ի՝ արդեն լուծարված վարչության նախագահ Ռուբեն Սողոյանը այսօր լրագրողների հետ զրույցում  մանրամասներ է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիաներին իրենց չմասնակցելու, դրան նախորդած և հաջորդած դեպքերի մասին:

 

Ուսանողների մեկուսացման և միությունից հեռացման պատճառ է դարձել այն, որ վարչությունը հրաժարվել է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու` Դաշնակցության Գերագույն մարմնի հրահանգը:

 

«Վարչությունն իրավունք է ունեցել մասնակցելու հոկտեմբերի 31-ի կուսակցության ժողովին: Մասնակցել ենք վարչության հինգ անդամներից չորսս, և վերջնական հրահանգի համաձայն պետք է ժողովի արդյունքների մասին տեղյակ պահեինք ուսանողական միության մնացած անձնակազմին: Որպես իրազեկման միջոց վարչության կողմից ընտրվել է ընկերային հավաքի տարբերակը, որը նշանակվեց նոյեմբերի 6-ին, բայց հավաքին նախորդեցին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով տարօրինակ ակցիաները, ինչի մասին տեղեկացանք համացանցից նոյեմբերի 4-ի առավոտյան: Նույն օրը երեկոյան մեզ բանավոր կերպով փոխանցեցին Գերագույն մարմնի որոշումը, որ մենք պետք է մասնակցենք ցույցերին, գնանք ակցիաներին, և լինեինք առաջամարտիկը, քանի որ մենք ենք ուսանողական միությունը, դա մեր ոլորտն է: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ընկերային հավաքը, որտեղ, բացի վարչության հինգ անդամներից, որ դեմ էինք արտահայտվել բողոքի ակցիաներին, ուսանողական միության մեծամասնությունը ևս դեմ էր, և մենք որոշեցինք, որ չենք կատարում Գերագույն մարմնի որոշումը, որի մասին նույն օրը իրազեկեցինք ՀՀ ԳՄ-ին, և հենց մեր որոշումը չկատարելուց երկու շաբաթ անց լուծարվեց իմ գլխավորած վարչությունը, և մեկուսացվեցինք 5-ս՝հնարավորություն չունենալով այլևս մասնակցել կուսակցական կյանքին, մինչև մեր մասին վճիռ կկայացվեր»,- ասաց նա:

Կուսակցության ուսանողական միության վարչության լուծարումից հետո կուսակցությունից մեկուսացվել է ևս 7 ուսանող, որին հաջորդել է միության կեսից ավելիի ինքնամեկուսացումը:

 

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Դաշնակցությունն իր շարքերից հեռացրել էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 անդամների, որոնք դեմ էին արտահայտվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ պնդելով, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել բարձրացված խնդիրների լուծմանը։