Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել Լապշինին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իրեն Մերձբալթիկայում փորձել են կալանավորել և առևանգել: Բլոգերի խոսքով՝ փորձերի կազմակերպիչը Բաքուն է:
«Պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում ինձ հետ։ Հայաստանի ԶԼՄ-ները դեռ երեկ հրապարակեցին եւ հեռուստատեսությամբ ցույց տվեցին իմ խոսքերը, որտեղ ես պատմում եմ ինձ ձերբակալելու Բաքվի փորձի մասին Մերձբալթիկայում։ Այժմ պատմեմ մի փոքր ավելի մանրամասն»,- գրել է նա։
Բլոգերը հիշեցնում է՝ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու»:
«Իմ և Իսաևի իրավիճակները միայն հեռավոր կապ ունեն: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն մասին, թե որ երկիրն է անվտանգ, որ նա Ռուսաստանից տեղափոխվի այնտեղ: Ահա, նույն այդ օրը, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել Կիևում բռնել Իսաևին, իսկ Ռիգայում՝ ինձ։ Ինձ զանգահարեցին մարդիկ եւ ասացին, որ պետք է շփվել մինչեւ ինքնաթիռ նստելս։ Վերջին անգամ ես այդ մարդկանց հետ շփվել էի ուղիղ երկու տարի առաջ։ Արդեն Լիվերպուլ սթրիթի կայարանում էի, ստիպված բաց թողեցի օդանավակայան տանող իմ գնացքը։ Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Մերձբալթիկայի մի շարք երկրներ ու էլի մի երկու երկիր է ուղարկել հարցապնդում իմ կալանքի մասին»,- նշել է նա:
Բլոգերի կարծիքով՝ Ադրբեջանի ԱԱԾ-ն գիտակցում է, որ «Ինտերպոլի» միջոցով իրեն փնտրելն անիմաստ է, քանի որ առնվազն երեք պետություն լրջորեն հետաքրքրված չեն, որ ինքը հայտնվի Բաքվում, և եթե նման դիմում լինի «Ինտերպոլին», ապա հաշված ժամերի ընթացքում Լապշինն այդ մասին կտեղեկանա:
«Լոնդոնում ինձ հարցրին՝ ինչո՞ւ ես դու նրանց պետք: Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քո դեմ պայքարի վրա, ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ, քանի որ Բաքվի համար առանձնապես վտանգ չեմ ներկայացնում և օպերատիվ հետաքրքրության առարկա չեմ: Ենթադրում եմ, որ պատճառներն անձնական են՝ Ալիևից եկող: Նրանք ոչինչ չարձագանքեցին իմ խոսքին»,- գրել է նա