Վանեցյանը քաշային այն կատեգորիան չէ, որ ես նրա հետ բանավիճեմ. Դավիթ Սանասարյան

«Ես իմ փաստերը ունեմ, ժամանակը կգա, կխոսեմ, ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ, նա էդ քաշային կատեգորիան չունի, որ ես նրա հետ բանավեճի մտնեմ, նրան զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց նրա հետ բանավեճ չունեմ»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը, ամիսներ առաջ պատասխանելով Արթուր Վանեցյանին, ասել էր՝ բա որ ես խոսեմ: 

 

Սանասարյանը հայտնեց, որ որոշել է այս փուլում չխոսել. «Որոշում եմ կայացրել այս փուլում չպատասխանել եւ չեմ կարծում, թե պետք է մտնեմ այդ մակարդակի՝ ճիշտ է ասում-սուտ է ասում բանավեճի մեջ: Ես տեսնում եմ՝ դաշտում ինչ որակի քննարկումներ են լինում, չեմ ուզում մասնակից լինել այդ ցեխ շպրտոցներին, մեր երկում ավելի կարեւոր խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ միջավայրին սպասարկելը»:

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք կարծում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվել է Արթուր Վանեցյանի կողմից, Սանասարյանն ասաց. «Ես ոչ թե կարծիք եմ հայտնել, ասել եմ՝ ճիշտ է, ճիշտ չէ, այլ  ինֆորմացիա ունեմ, որը դարձել է համոզմունք, ասել եմ՝ կգա ժամաանկը կգա, կխոսենք: Եթե որեւիցե պահի զգամ, որ չխոսելը այլընտրանք չէ, կխոսեմ, այս պահին դրա կարիքը չկա»,-ասաց նա:

 

Անդրադառնալով դատարանին ներկայացրած միջնորդությանը, Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք ցույց ենք տալիս, թե ինչ խնդիրներ կան, դատարանը կբավարարի թե ոչ՝ արդեն այլ հարց է, մենք նաեւ պետք է որոշենք՝ բողոքարկելու ենք դատարանի այս որոշումը թե ոչ, բայց մենք մեր պրոցեսի մեջ ենք, մենք հանրությանը, այդ թվում՝ իրավագետներին, սահմանադրագետներին, սահմանադրական խնդիր ենք ներկայացնում, եւ հուսով եմ, որ սա նաեւ իրավական վեճ կդառնա»:

 

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ամբաստանյալ Սամվել Ադյանի պաշտպանի այդ հայտարարության նկատմամբ, ըստ որի՝ կարելի է դիմել ՍԴ առանց գործի վարույթը կասեցնելու, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Եթե օրենքը նման հնարավորություն է տալիս, մենք խնդիր չենք տեսնում, ինչքան շուտ քննվի, այդքան լավ: Մենք հիմնավոր ենք համարում այն, որ ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի. այն պետք է ոչ թե վարչապետի որոշմամբ հաստատվեր, այլ նախատեսված լիներ օրենքով, ինչպես մյուս քննչական մարմիններն են»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ