Հավաքականը պատրաստ է հույների դեմ խաղին. Խաշմանյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Հունաստանի դեմ առաջիկա խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հավաքականի նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Այսօրվա դրությամբ մենք այնքան էլ երանելի դրությունում չենք` հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Սա ֆուտբոլ է և նման բաներ պատահում են: Մենք իրավունք չունենք կառչել այդ փաստից: Մենք ունեինք երեք օր և փորձել ենք անել առավելագույնը: Ազգային թիմը պատրաստ է հույների դեմ խաղի»,-ասաց նա:
Մասնագետի խոսքով` ընտրանին մեկ նպատակ ունի հույներ դեմ խաղում` առավելագույնը քաղել խաղից: «Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի թիմին, նրանք ամբողջովին փոխել են կազմը: Կազմակերպված և արդյունավետ ֆուտբոլ են խաղում»,-շեշտեց մարզիչը:
Հունաստանի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը:
Անդրադառնալով երիտասարդ ֆուտբոլիստներին տրվելիք հնարավորության մասին Խաշմանյանը շեշտեց, որ երազանքներով չպետք է առաջնորդվել: «Ի՞նչ երիտասարդ ֆուտբոլիստ ունենք հիմա: Ինչո՞վ պետք է սերնդափոխության անենք. Միայն խոսքերով: Հավաքականը փորձադաշտ չէ»,-ասաց նա:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին: