«Ժամանակն է, որ Ջհանգիրյանը պետք է ասի, թե ինչ է կատարվել: 27-ի դեպքերը պետք է բացահայտվեն». Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատճառ չի տեսնում Նաիրի Հունանյանին ազատ արձակելու համար։ Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է բացահայտվեն։ 
 

«Շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պետք է ունենան ոճրագործության բացահայտման հետ կապված։ Օրինակ, դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին։ Նա այդ ժամանակ ասաց, որ պիտի հայտարարություն անի, հետո Ռոբերտ Քոչարյանի գրությամբ նա հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Այսօր 20 տարի ա՞նց էլ պիտի լռենք։ Ժամանակն է, որ Ջհանգիրյանը պետք է ասի, թե ինչ է կատարվել։ Այդ ժամանակ Ջհանգիրյանն է քննել Նաիրի Հունանյանի գործը և այսօրվա դրությամբ ինքն ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը», - ասաց Միքայելյանը։ 

Հիշեցնենք, այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողությունների 20 տարին։ 

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ հարձակումը, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։ 


Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, Սասուն Միքայելյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին: Հարցին՝ որևէ լարվածություն չկա՞, Միքայելյանը պատասխանեց. 

«Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ: Կան տարաձայնություններ, որ ընթացքում հարթվում են»: 

Միքայելյանը նշեց, որ կուսակցության ներսում տարաձայնությունները նորմալ են, տրամաբանական: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին տնօրենն իր ընկերն է, Միքայելյանն ասաց. 

«Ես հիմա էլ եմ ասում, որ Վանեցյանն իմ ընկերն է, որովհետև գայլային օրենքներով չեմ շարժվում: Դուք գիտեք՝ գայլերի մեջ, երբ մեկից արյուն է դուրս գալիս, բոլորը թափվում են վրան ու խեղդում:  Նա մեզ հետ ճանապարհ է անցել»: 

 

Պատահարներ