Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց

1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին:  


Զինված անձինք էին՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեց 8 հոգի՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: 

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել: 

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման: 

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: 

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ. ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: 

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ. մայիսին՝ սրտի կաթվածից: 

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով: 

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով: 

Խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարից անց Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է: 

«BBC» գործակալության  տվյալներով՝ վիրավորների թիվը հասնում էր 30-ի: 91 պատգամավոր և նիստը լուսաբանող լրագրողները զրկվել էին ԱԺ-ից հեռանալու հնարավորությունից: Նրանց բոլորին այդ հնարավորությունը տրվեց միայն հաջորդ օրը՝ լուսադեմին, երբ ահաբեկիչները զենքերը վայր դրեցին: Մինչ այդ Նաիրի Հունանյանը շարունակում էր կրակել դահլիճում, պարբերաբար ստուգել` արդյո՞ք այդ ամենը եթեր հեռարձակվում է ռադիոյով, թե՞ ՝  ոչ, և պահանջում, որ ժողովուրդը հավաքվի Ազգային Ժողովի շենքի մոտ: Որևէ քաղաքական պահանջ ահաբեկիչները չէին հնչեցնում: Հետագայում Նաիրի Հունանյանը պիտի պատմեր , թե ինչպես է  հավաքել զինված խումբը և մտել Ազգային ժողով: 

«Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ «Գազ 24» մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից, և ում մասին նշում է, որ «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։ Էդիկը Դերենիկին ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին՝ վերցնում են զենքերը ու մտնում շենք։ 17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ՝ նա սկսել է անկանոն կրակել։ Դրանից հետո անցել է լրագրողների հատվածը ու նրանց դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը»: 

Ահաբեկիչները պահանջում էին ուղիղ եթեր, հանդիպում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2 ժամ անց, երբ Հունանյանը անվտանգության երաշխիքներ տվեց նախագահին: ժամը 19-ի սահմաններում առանձին սենյակում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը: Ըստ երկրորդ նախագահի վկայությունների՝ Հունանյանն իր հերթին անվտանգության երաշխիքներ է պահանջել իրենց համար, որոնք և տրվել են: Հարցրել է՝ արդյո՞ք  Հայաստանում գործում է մահապատիժ:  Քոչարյանն ասել է, որ Եվրախորհրդին անդամակցելու նպատակով մահապատիժ չի կիրառվում։ Հունանյանը ցանկացել է անվտանգ տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան: Ի պատասխան՝ նախագահը պահանջել է զինաթափվել։ Պայմանավորվել են, որ Հունանյանը կպահի մեկ ատրճանակ, որը կհանձնի մեկուսարան հասնելուն պես։ Քոչարյանը նշել է, որ հաշվեհարդարից խուսափելու համար նրանց կտեղափոխեն զրահամեքենայով։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքից. 

«Այնուհետև իմ հարցին, թե արդյո՞ք ուներ որևէ անձնական թշնամանք Վազգեն Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից, Վազգեն Սարգսյանի դերակատարությունից, որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ, ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, որ պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն, որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ: Վազգեն Սարգսյանից բացի՝ մյուս զոհերը պատահական կրակոցների արդյունք են»: 

Այս  գործը դատարանը քննեց 3 տարի: Նորք Մարաշի շրջանային դատավոր Սամվել Ուզունյանը ահաբեկչական խմբի դատավճիռները հրապարակեց 2003 թվականի դեկտեմբերին.  Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան, Աշոտ Կնյազյան՝ ցմահ ազատազրկում, Համլետ Ստեփանյան՝ 14 տարվա ազատազրկում: Մյուս ամբաստանյալը՝ Նորայր Եղիարզարյանը, էլեկտրահարվել է Նուբարաշենի բանտախցում մինչ դատավճռի հրապարակումը: Ի դեպ, նա մասնագիտությամբ  էլեկտրիկ է եղել: Կարեն Հունանյանը պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Պաշտոնական վարկածով 2004 թ.-ի ապրիլի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում ինքնասպան է եղել Վռամ Գալստյանը: Էդիկ Գրիգորյանը ևս մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: Համլետ Ստեփանյանը մահացել է 2010 թ-ի մայիսին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ սրտի կաթվածից: Փաստորեն, այս պահին պատիժը կրում է ահաբեկչական խմբի 3 դատապարտյալ: Նաիրի Հունանյանը և եղբայրը՝ Կարենը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում են: 

Դատարանում տրված ցուցմունքի համաձայն՝ Նաիրի Հունանյանը իր նախաձեռնությամբ է կազմակերպել գործողությունը, մշակել է մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով: Ոճրագորությունից և պատժի կրումից 20 տարի անց Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է: 

 

Պատահարներ