Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության
Պողոս Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Աղամալ Հարությունյանը գտնվում է Հայաստանում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ գործով նոր երեւան եկած հանգամանք է դիտվել դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:
Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազությունն ուսումնասիրել է Նյուտոնի ներկայացրած փաստաթղթերը, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Ս. Ջ. Նյուտոնը եւս դեռ չի կանչվել հարցաքննության, սակայն առաջիկայում կհրավիրվի. «ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները՝ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Աղամալ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից էր։ 2002 թվականին նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսեւորելով անզգույշ սպանություն կատարելու համար)։
Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: Մինչդեռ Պողոսյանի հարազատները պնդում էին, որ վերջինիս ծեծելով դիտավորյալ սպանել են։
«Առերեւույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանը կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է։ Բացի այդ, դրանք առերեւույթ վկայում են հանցանքի կատարմանը նաեւ այլ անձանց մասնակցության վերաբերյալ։ Ելնելով դրանից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներով Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ։ Քննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՔԿ Երեւանի քննչական վարչություն»,- ասել էր Գոռ Աբրահամյանը: