Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը նույնն է. Վիտալի Բալասանյան
ՀՀ այսօրվա իշխանությունների վարած՝ Ղարաբաղյան հարցին վերաբերվող քաղաքականությունը, համոզվել եմ, որ շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության։
Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր՝ ԼՂՀ-ին տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում, առ այսօր տեսնում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբևիցե չի հրաժարվել այդ ծրագրից»,-ասաց Բալասանյանը:
Բալասանյանը նշեց նաև, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական իշխանության հետ: «Երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ընտրվել էր վարչապետ՝ մայիսի 8-ին, այդ ժամանակ ես անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էի զբաղեցնում։ Ես նրան ճանաչում էի վաղուց, մեր հարաբերությունները շատ ջերմ են եղել, քանի տարի է՝ ճանաչում ենք, կարող եք նրան հարցնել, հարցնել նրա տիկնոջը՝ ինչպիսի հարաբերություններ են եղել»,-ասաց նա:
Բալասանյանն անդրադաձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ տեսլականին և նշեց, որ չկա նման տեսլական: «Այն, ինչ ասում էր, թե նոր երևան եկած փաստաթղթեր է փոխանցել Արցախի Հանրապետության ղեկավարին, նոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի հանձնել»:
Բալասանյանը նշեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկումների համար կամ ՀՀ նախագահը, կամ արտգործնախարարը մշտապես հանդիպել են ԱՀ նախագահի հետ։ «Ցանկացած բանակցային գործընթաց, ինչի մասին պետք է խոսվեր, ներկայացվել է Արցախի իշխանություններին, կամ ՀՀ նախագահը, կամ էլ արտաքին գործերի նախարարն է եկել, ներկայացրել, կամ Արցախի Հանրապետության նախագահն է եկել և Երևանում քննարկել այն, ինչի մասին պետք է խոսվի:
Մինսկի խմբի համանախագահները մշտապես այցելել են Երևան, Բաքու, Արցախ: Չկա տեսլական, տեսլականը Լևոն Տեր-Պետրոսյանի այն ծրագիրն է՝ ԼՂՀ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»,-ասաց Բալասանյանը:
Վիտալի Բալասնայնը նշեց, որ այն, ինչ Արցախում ինքը ասաց Փաշինյանի վերելակային դիվանագիտության մասին, պարտավոր էր ասել և համայն հայությանը տեղյակ պահել իրականության մասին:
Վիտալի Բալասանյանը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին, երբ իրենք սկսել են կրակակետերը լռեցնել, ցամաքային ճանապարահ բացել դեպի Հայաստան, ՀՀ իշխանությունները դեմ են արտահայտվել:
«Պաշտոնական պատասխանատու հայտարարություն եմ անում, երբ ազատագրել ենք Քարվաճառի շրջկենտրոնը, 1993թ-ին հայտնի Գորիսի հանդիպմանը, երբ հրավիրվել էր այնտեղ այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն այն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս, արցախյան կողմը՝ ռազմաքաղաքական իշխանությունը դեմ է արտահատվել, մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել: Հիմա ասում են, թե առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության այդ ո՞նց եք ազատագրել այդ տարածքները, այդ հարցին թող պատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց նա:
Բալասանյանը նշեց, որ խնդիր էին դրել՝ ազատագրել Աղդամը, ինչին ՀՀ իշխանությունները ևս դեմ էին։ «Երբ մենք հարձակողական օպերացիան սկսել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի ուղարկված ներկայացուցիչն ասաց, որ հեռու մնանք այդ օպերացիայից, բայց ԼՂՀ իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ լռեցնել ու ազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Իմ ենթակայության տակ կար զորք, մարդկային քանակը 3000 էր, հուլիսի 22-ին սկսեցինք այդ օպերացիան, գիշերվա ժամը 3-ին լուր տվեցին, որ դադարեցնենք, չենք դադարեցրել։ Հուլսիի 23-ին ազատագրել ենք Աղդամը շրջակա բնակավայրերով»:
Բալասանյանն իր խոսքում նշեց, որ մոտ մեկ շաբաթ ՀՀ իշխանություններն իրենց հորդորել են լքել Աղդամի տարածքը, սակայն չեն լքել։ «Մեկ շաբաթ անց Աղդամ է գալիս Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, կարող եք հարցում անել, հայտնվել են Աղդամում՝ իմ շտաբում, որտեղ գտնվել են գումարտակի բոլոր հրամանատարները: ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում էր կայացրել, որ լքենք Աղդամի տարածքը:
Կոշտ բառակապակցություները չկրկնեմ, կտրուկ տվել եմ պատասխան, մենք այդպիսի զորք չունենք, որ այդ տարածքը լքենք, մեր պատմական տարածքն է, որը կցել են Ադրբեջանին, հիմա թող Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արաքցյանին և Վանո Սիրադեղյանին հարցում անեն»,-ասաց նա: