Մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է լինեն հսկողության տակ. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է լինեն հսկողության տակ.
«Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որևէ վտանգ նրանց պետք է չսպառնա», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանը: Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Անդրանիկ Քոչարյանն նշել է, որ նա հսկայական տեղեկատվության էր տիրապետում.
«Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետեւ եղել է ներքին գործերի նախարար եւ տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի», - ասել է նա՝ շարունակելով․
«Ափսոսում եմ, որ Քոչարյանի պաշտպանները դատաքննական պրոցեսը տակտիկական քայլերով այնքան ձգձգեցին, որ մենք արդեն մի առանցքային վկա չունենք։ Բայց վկաները շատ են, Աղվան Հովսեփայնը, հիշում եք՝ ոնց էր պաչպչում դատախազության դռները հեռանալիս, հիմա պետք է նա էլ պաշտպանված լինի։ Աղվան Գառնիկովիչը Արցախում երկրի անվտանգության մասին դասախոսություն էր կարդում, բայց ես կարծում եմ՝ մեր երկրի անվտանգության ամենամեծ պրոբլեմը ստեղծել է Աղվան Գառնիկովիչը, երբ եղել է գլխավոր դատախազ, եւ այս կեղծիքներին մասնակցության մեծ չափաբաժին է ունեցել։ Եթե ինքը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր մենք Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա»։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ինքն արդեն գնահատել է, թե ինչպիսին պետք է լինի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ նրա ղեկավարներն ինչպիսի պահվածք պետք է ունենան:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայլեյանի հայտարարությանը, թե ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել, նաև Վանեցյանի սթափության կոչին, Քոչարյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանը սթափության կոչ արել է առաջին հերթին ԱԱԾ նախկին ղեկավարին, որովհետեւ, ըստ էության, քաղաքական հայտարարություն արել է նախկին պաշտոնյան, որի իրավունքը չուներ»: