Ապրիլյան պատերազմի հանգամանքները ՊՆ–ում հրաժարականների առիթ կդառնան

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՊՆ–ում պաշտոնանկություններ կլինեն։ Մամուլում տարածված այս տեղեկությունն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, չհերքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

 

«Խոսվում է։ Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնենք։ Արդյունքներից ելնելով որոշումներ կկայացնենք»,– ասաց Տոնոյանը։

 

Նախարարը չհերքեց նաև, որ որոշակիորեն ծանոթ է հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին։ Նախարարությունն իր կողմից նաև անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում հանձնաժողովին։

 

«Հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է այս պահին, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,– ասաց Տոնոյանը։

 

Պաշտպանության նախարարը հայտնեց նաև, որ ինքը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել, հանձնաժողովի կողմից հրավեր չի ստացել։

Հիշեցնենք` 2019թ.–ի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։

 

Փաշինյանը հայտարարել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

 

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

 

Քննիչ հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: