ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան
Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում։ Այս մասին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա կարծիքով, 2018-ի թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար.
«Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ հայ-ամերիկյան սերտ հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:
Կոնգրեսականի կարծիքով՝ Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։
Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ Դեմոկրատական և թե՛ Հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ, նշեց Ջեքի Սփիրը.
«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանն ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»:
Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգևատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնգրեսականի խոսքով՝ այդ նամակն իր համար հատուկ նշանակություն ունի.
«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարևորությունը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը: Ես կփորձեմ աջակցել այդ կարևոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...