Քոչարյանը կարող է ազդել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վրա. դատախազ

Մարտի 1-ի գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին խնդրել է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։

Ըստ Բաղդասարյանի՝ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, կթաքնվի քննությունից և կխոչընդոտի քրեական գործի քննությանը։

 

Մարտի 1-ի գործից անջատված մաս կա, որով քննվում են 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների հանգամանքները։ Այդ մասին Ռոբերտ Քոչարյանի ու մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ դատավարության հերթական նիստում հիշեցրեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

 

«Այդ քրեական գործով գնահատականներ են տրվելու նաև պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ուղիղ, կամ ոչ ուղիղ ծառայողական պարտականությունների կախվածության մեջ են եղել Ռոբերտ Քոչարյանի հետ»,– ասաց դատախազը` արձագանքելով պաշտպանական կողմի դատարանում ներկայացրած տեսակետին, թե գործի նախաքննությունն ավարտված է, ու, ազատության մեջ լինելով, Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազդել գործի քննության ընթացքի ու վկաների վրա։

Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ դատարանում քննվող դատական գործով 850 վկաներ դեռ պետք է դատակոչվեն դատարան։

«Քրեական գործում կան են փաստական տվյալներ, որոնք մտավախություն են առաջացնում, որ առկա են հիմքեր, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելու դեպքում կթաքնվի քննությունից և կխոչընդոտի քրեական գործի քննությանը դատարանում և քրեական գործից անջատված մայր գործի քննությանը»,– հայտարարեց մեղադրող դատախազը։

 

Գևորգ Բաղդասարյանը նաև համոզմունք հայտնեց, որ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, լուրջ վտանգ կներկայացնի հիշյալ քրեական գործի քննության ու օբյեկտիվ ճշմարտության բացահայտման համար։

Այս հիմքով դատախազը դատարանին խնդրեց մերժել Քոչարյանի փաստաբանների` խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը։

 

Հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության որոշումը, ըստ որի`  նա կմնա կալանքի տակ։