
Ներկայացվեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Հովհաննես Խուդոյանը դատարանից խնդրեց, որ գրավի չափը գնահատելու դեպքում նկատի ունենա, որ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ:
«Որևէ փաստ, որը կարող էր գոնե կասկած առաջացնել Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու և որևէ այլ արարք կատարելու վերաբերյալ առ այսօր ներկայացված չի և չի կարող ներկայացվել»,- ասաց Խուդոյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:
Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:
Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: