Կա 3-4 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում ինձ հետ շփում են ունեցել. Քոչարյանը անուններ տվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ ունենալիս անդրադարձավ մտահոգություններին, թե ինքն, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել, խոչընդոտել դատական քննությանը: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանը նշեց.
«Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ բավական լավ ծանոթ եք քրգործին, նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան փոխելու համար: Դուք էլ ունեք քրեական գործը: Ամբողջ քրեական գործում ինձ հետ կապված երկու-երեք դրվագ կա ընդամենը, առաջինը հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ՝ նախագահականում, փետրվարի 23-ին: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա է եղել մոտ 25 մարդ: Քննարկում չի եղել, ուղղակի ելույթ եմ ունեցել: Կան ցուցմունքները 13 հոգու, ձեզանից դա կխլի 40-50 րոպե՝ ծանոթանալու համար այդ ցուցմունքների հետ, համոզվելու՝ այդտեղ ինչ-որ բան փոխելու մոտիվացիա ես պե՞տք է ունենամ, թե՞ ոչ»:
Երկրորդ նախագահը հայտնեց՝ եթե դատավորը կարող է այդ րոպեները տրամադրել, ինքը կարող է նրան տրամադրել նաև ցուցմունքները՝ ըստ հատորների, որովհետև հասկանում է՝ 80 հատորի մեջ փնտրել-գտնելը բավական դժվար է:
«Անհրաժեշտություն չկա»,- արձագանքեց դատավորը:
«Չկա՞, լավ, ուրեմն՝ չեք կարդալու, ես տենց հասկացա»,- նշեց Քոչարյանը:
Վերջինս ասաց, որ կա ևս 3, թե 4 մարդու ցուցմունք, որ այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել՝ հեռախոսով, թե անմիջապես:
«850 վկաներից միայն նրանք են, որ ինձ տեսել են ֆիզիկապես կամ ինձ հետ շփվել են: Այդ 3-4 հոգուց մեկը Տիգրան Թորոսյանն է՝ ԱԺ նախագահը, որի հետ համաձայնեցրել եմ, քննարկել Արտակարգ դրության հրամանագիրը, նաև Սերժ Սարգսյանն է եղել հանդիպմանը՝ որպես վարչապետ, զանգել, համաձայնեցրել եմ հրամանագիրը, Հայկ Հարությունյանն է՝ ոստիկանապետը, որ իր ցուցմունքում ասում է՝ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործող մասով, և Արմեն Գևորգյանն է, որին հանձնարարվել էր հրամանագիր պատրաստել արտակարգ դրության մասին: Ամբողջ այս հատորների մեջ չկա մի մարդ՝ այս շրջանակներից դուրս, որ ինձ տեսած, ինձ հետ շփված լիներ՝ ուղղակի, անուղղակի, հեռախոսով, միջնորդված և այլն»,- ասաց Քոչարյանը: