Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արևիկ Պետրոսյան

Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ԱԺ–մ ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը․ տեղեկացնում է news.am-ը։

 

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարության այն մասին, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը երեք ՍԴ անդամների մասնակցության անհնարինությանը, որոնց թվում է նաեւ ինքը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն քննության առարկա չի դարձնում ցանկացած դիմում, որը ներկայացված է ոչ պատշաճ կարգով, եւ ոչ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:Օրենքի տառի եւ պահանջների խախտմամբ են ներկայացված եւ ՍԴ-ն պարտավորություն չունի, անգամ եթե դա ներկայացնում է  ՍԴ դատավորը։ Առավել եւս ՍԴ դատավորը պարտավոր է պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները, այդպիսի դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում, սահմանված ընթացակարգով եւ իր լիազորությունների շրջանակում։

Այս դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հետեւաբար այդ հարցը բազմակողմանի քննության առարկա է դարձել, ՍԴ աշխատակարգային նիստում հարցը սահմանված կարգով ՍԴ նախագահը ներկայացրել է ՍԴ քննարկմանը:

ՍԴ–ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ, քննության առնելով այն բոլորը, ինչ ներկայացրեցի, ՍԴ–ն փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ եւ ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնել եւ դրա վերաբերյալ որոշում կայացնել»: