ԲՀԿ-ն չի շտապում գնահատական տալ Արթուր Վանեցյանի հրաժարականին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ է համարում գնահատական տալ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, քանի դեռ հստակություն չի մտցվել դրա վերաբերյալ հնչած իշխանության հայտարարություններում:

 

 Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

 

«Մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, և քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին: Կարող ենք ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի արձագանքները, որոնք կարող են լինել, կարծում եմ, որ մի քիչ հստակություն է պետք գնահատական տալու համար»,- ասաց Աբովյանը:

 

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:


 

Քաղաքականություն