Կառավությունը ձգտում է մնալ առանց Բարձր դատարան. Արփինե Հովհաննիսյան

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ դատախազությունը ցույց է տալիս վարպետաց դաս (մաստեր կլաս) թե ինչպես չպետք է քննել գործեր իրավական պետությունում։ 

 

Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

 

Նա մասնավորապես նշել է. «Պարզվում է՝ դատախազությունում միջին ծավալի իրավական փաստաթուղթ ընթերցելիս կարդում են միայն այն պարբերությունը, ուր գրած է դատախազ բառը՝ մոռանալով ինչի մասին է բուն փաստաթուղթը եւ ամբողջ փաստաթուղթը մեկնաբանելով այն տրամաբանությամբ, որ կյանքի բոլոր իրավիճակներում միակ ճիշտ որոշում կայացնող կառույցը դատախազությունն է։

 

Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը ամրագրում է, որ կա օրենսդրական բաց եւ անհրաժեշտություն սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, միեւնույն է դատախազության պնդմամբ առանց նույնիսկ որեւէ կարգավորմանն էլ իրենք ինչպես միշտ կայացրել են ամենաճիշտ որոշումը։ 

 

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է Կառավարությունը ձգտում վաղ կենսաթոշակի ուղարկել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին եւ մնալ առանց Բարձր դատարանի. մենք այն եզակի երկրին ենք, որը ունի բոլոր իրավիճակներում եւ պայմաններում «միշտ ճիշտ որոշում» կայացնող մարմինը՝ դատախազությունը։ Եւ ուրեմն կեցցե ամենայն հայոց ժողովրդի դատախազությունը»։