ՀԲՃ-ն պահանջում է հրապարակել Ամուլսարի նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին եզրակացությունը
Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։
Հարցման տեքստը ստորև՝
«2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և մասնավորապես պարզել` Ամուլսարի հարցում ՇՄԱԳ նոր գնահատում իրականացնելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Մամուլից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 4-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Դուք զեկուցել եք, որ կատարել եք վարչապետի հանձնարարականը և ամբողջ ինֆորմացիան փոխանցել եք կառավարությանը։ Հաշվի առնելով, որ սույն տեղեկատվությունը չի պարունակում ռազմական կամ պետական գաղտնիք, ավելին՝ բնապահպանական տեղեկատվությունը ենթակա է հրապարակման, Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն խնդրում ենք մեզ ուղարկել Նախարարության կազմած և սեպտեմբերի 4-ին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը»։