Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, դրանից առաջ 2.8, ապրիլ ամսին 2,2 և այլն:
Հիշեցնենք, որ 2018թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2.5%։
Այսպիսով, սննդամթերքի համար 2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2.8%, նախորդ ամսվա աճը եղել է 4.8 %: Մասնավորապես հացը թանկացել է 5.5 %-ով, ձուն՝ 38.9 %-ով, միսը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 75.4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)` 13.6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3.6 %-ով ։
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6.2 % աճ։
Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.5 % և 1.3%-ով։
Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորանների և հյուրանոցների ոլորտը՝ 1.1% և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ 0.3% աճ։
Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացնում է սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 450 ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):