Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ինքնաթիռում կանգնած ուղևորների մասին տեղեկությունները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների, թե ինքնաթիռում ուղևորները կանգնած են մնում:
«Հարգելի քաղաքացիներ,
Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա»,- տեղեկացնում է կոմիտեն: