Ճամբարակում «հարցեր լուծող» Վիլեն Սոսյանը բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 4-ին «ԹԵՐԹ.am» լրատվական կայքում «Ճամբարակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. քաղաքապետի մտերիմ «օրենքով գողին» պատասխանատվության կանչելը շարունակում է ոստիկանության ուժերից վեր մնալ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել:
Ըստ հոդվածագրի՝ Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Այս կապակցությամբ, թեև ոստիկանությունից ստացել են հստակ տեղեկատվություն, սակայն խեղաթյուրել են իրականությունը` դրսևորելով կողմնակալ վերաբերմունք: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, այլ ոչ թե կրակոցների: Վիճաբանության վերաբերյալ ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու անձի, որոնցից մեկը, ինչպես նշված է հոդվածում՝ «Ճամբարակում հարցեր լուծող Վիլեն Սոսյանն է»: Տեղեկությունը ստուգելու նպատակով բաժին է հրավիրվել նաև մեկ քաղաքացի: Նրանք տվել են բացատրություններ: Լրատվամիջոցին ևս մեկ անգամ հորդորում ենք չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով անվանարկել ոստիկանությանը: Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և կաշկանդված չէ որևէ մեկի ո՛չ կարողություններով, ո՛չ էլ հասարակության մեջ ունեցած դիրքով: Համակարգն իր գործառութային պարտականություններն իրականացնում է օրենքին համապատասխան և համարձակ: