Հարկադիր կատարողը կարող է կազմակերպել պարտապանի անունով ենթակա գույքի գրանցումը

ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողի համար սահմանվել է նոր լիազորություն՝ կազմակերպել պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը):
 

Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն.

 

«Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու դեպքերում, կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու և գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:

 

Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:

Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը՝ որպես պարտապանի ներկայացուցիչ, կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը:

 

Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը՝ որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից»: