ԱԺ հանձնաժողովը հետաձգեց նվազագույն աշխատավարձի փոփոխության հարցը
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում հետաձգվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի քննարկումը, ըստ որի առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ: Նախագծի համահեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը: Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 8400 մարդ պետական ապարատում է նվազագույն աշխատավարձ ստանում, 6000 մարդ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (ՀՈԱԿ) և 30 հազար մարդ՝ մասնավոր հատվածում:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հունիսի 27-ի նիստում հավանության էր արժանացրել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագիծը՝ առաջարկելով այն սահմանել ոչ թե 63 հազար դրամ, ինչպես առաջարկում են պատգամավորները, այլ՝ 68 հազար դրամ:
Կառավարության այս առաջարկում ռիսկեր էր տեսել նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, և իր հոդվածում ներկայացրել հիմնավորումները:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել Վաչե Գաբրիելյանին՝ «խորը, պրոֆեսիոնալ և անչափ օգտակար վերլուծության համար» և հույս հայտնել, որ Գաբրիելյանը ժամանակ կգտնի մասնակցելու նախագծի քննարկմանը ԱԺ գլխադասային հանձնաժողովում:
«Մենք առաջարկեցինք 63 հազար դրամ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ դա չազդի պետական համակարգում բազային համակարգի վրա: Մենք ունենք կարգավորում՝ «Պետական ծառայողների վարձատրության մասին» օրենքով, ըստ այդ օրենքի պետական ծառայողների աշխատավարձերը կապված են նվազագույն աշխատավարձի բազային հաշվարկի հետ, որպեսզի այդ ազդեցությունը չլինի պետական ծառայողների համար մենք առաջարկեցինք 63 հազար դրամ (նկատի ունի այն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում չբարձրանան պետական ծառայողների աշխատավարձերը, հեղ.)»,- ասաց Կարապետյանը:
Կարապետյանը հիշեցրեց, որ Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ: Պատգամավորն առաջարկեց նիստին ներկա Կառավարության ներկայացուցչին ներկայացնել հիմնավորումները, թե ինչպես է այն կյանքի կոչվելու:
Սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց՝ իրենք հստակ մեթոդաբանություն ունեն, օրինակ՝ այն կապում են ՀՆԱ-ի աճի կամ նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցության հետ: Փոխնախարարը, սակայն, առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել, քանի որ նոր թվեր են ի հայտ եկել, որոնք ուսումնասիրման կարիք ունեն:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ քննարկումը հետաձգվում է առավելագույնը մինչև երկու ամիս ժամկետով: