Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում․ դատարանը բավարարել է նրա բողոքը
MediaHub-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը՝ կապված քրեակատարողական հիմնարկի պետի որոշման հետ։
Դատական դեպարտամենտից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հարությունյանի՝ ազատազրկման կատարման պայմանները փոխվել են։ Այսուհետ նա պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։
Նրա գործով մեղադրանքը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի՝ Դ20 դիվիզիոնի վրա ադրբեջանական հարձակման դրվագին։ Ըստ մեղադրանքի՝ ռազմական գործողությունների ընթացքում Հարությունյանը, որպես ՊԲ հրամանատար, պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Գործի մեկ այլ դրվագով՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարձակման վերաբերյալ, նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ Դ20 դիվիզիոնի դեպքի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան։
Ավելի վաղ Ջալալ Հարությունյանը դիմել էր նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իր առողջական վիճակի պայմաններում ազատազրկման ձևով պատժի նշանակման իրավաչափության հարցը։ Սակայն ՍԴ-ն մերժել էր նրա դիմումը։
Հարությունյանը նախկինում որպես խափանման միջոց ունեցել էր բացակայելու արգելք։